HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Փարիզի երկաթուղային կայարանում զինված տղամարդը հարձակվել է ուղևորների վրա

Փարիզում հունվարի 11-ին սառը զենքով զինված տղամարդը հարձակվել է վեց ուղևորների վրա, որոնք քաղաքի հյուսիսային կայարաններից մեկում՝ Գար դյու Նորում սպասում էին գնացքի ժամանմանը։ BBC-ն գրում է, որ հարձակման հետևանքով մեկ մարդ ստացել է մարմնական լուրջ վնասվածքներ, մի քանիսն էլ՝ թեթև։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հայտարարել է, որ հարձակում գործած անձը «արագ չեզոքացվել է»։ Դարմանենը շնորհակալություն է հայտնել անվտանգության ուժերին «իրենց խիզախ և արդյունավետ գործողությունների համար»։

Փարիզի ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ հարձակում գործած անձը մի քանի մարմնական վնասվածք է ստացել ոստիկաններից և հրազենային վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։ Սկզբնական հաղորդագրություններում որպես հարձակման գործիք նշվում էր դանակը։ Ավելի ուշ, նախարար Դարմանենը հայտնել է, որ դա դանակ չի եղել, սակայն նշել է «սպալիք ներկայացրած զենքի մասին»։ Le Parisien թերթի տվյալներով՝ հարձակում գործած անձի ձեռքում եղել է սրածայր առարկա, որը հերյուն է հիշեցրել։ 

Պարբերականին ոստիկանության իր աղբյուրներից մեկն էլ հայտնել է, որ հարձակում գործած անձի ուղղությամբ կրակած սպան տվյալ պահին ծառայության մեջ չի եղել։

Հարձակման մոտիվը դեռևս չի պարզվել։ Փարիզի ոստիկանությունը հայտնում է, որ երկաթուղային կայարանում տեղի ունեցած պատահարն արդեն վերացված է, սակայն այլ մանրամասներ չի փոխանցում։ Ընդ որում, ստացվող տեղեկությունների համաձայն, ոստիկանները տեղի ունեցածը չեն կապում ահաբեկչական հարձակման հետ։ Մոտ մեկ տարի առաջ մեկ այլ տղամարդ Գար դյու Նոր երկաթուղային կայարանում 30-սանտիմետրանոց դանակով սպառնացել էր ոստիկաններին։ 

Գար դյու Նոր երկաթուղային կայարանը Եվրոպայի ամենաբանուկ կայարաններից մեկն է, որտեղից գնացքները մեկնում են Մեծ Բրիտանիա, Բելգիա և Նիդերլանդներ։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter