Իսրայելը պատժամիջոցներ է մտցնում Պաղեստինի ինքնավարության դեմ
Իսրայելի նոր ծայրահեղ աջ կառավարությունը հայտարարել է Պաղեստինի ազգային ինքնավարության դեմ պատժամիջոցների սահմանման մասին։ «Սյս քայլն արձագանքն է Պաղեստինի ինքնավարության որոշման դեմ քաղաքական և իրավական պատերազմ վարել Իսրայելի պետության դեմ»,- Deutsche Welle-ի փոխանցմամբ հունվարի 6-ի երեկոյան հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
Նեթանյահուի խոսքով՝ այս պատժամիջոցները կապված են նախորդ շաբաթ պաղեստինցիների նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված բանաձևի հետ, որով միջազգային դատարանին կոչ էր արվում հետաքննել պաղեստինյան տարածքների իսրայելական բռնազավթումը։
Պատժամիջոցները, որոնք հաստատվել էին Իսրայելի անվտանգության կաբինետի առաջին նիստի ժամանակ, ներառում են նաև Պաղեստինյան ինքնավարությանը 37 միլիոն եվրո փոխանցումից հրաժարումը և այդ միջոցներից՝ պաղեստինյան հարձակումների զոհերի ընտանիքների փոխհատուցման կազմակերպումը։
Պաղեստինյան վարչակազմը, մեկնաբանելով պատժամիջոցների վերաբերյալ որոշումը, ընդգծել է, որ այդ միջոցները «չեն ստիպի մեր ժողովրդին հրաժարվել քաղաքական, դիվանագիտական և իրավական միջոցների համար պայքարը շարունակելուց, որոնք կոչված են պաշտպանել մեր ժողովրդին ու վերջ դնել Իսրայելի անպատժելիությանը»։ Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ արմատական շարժումը քննադատել է Իսրայելի կողմից ընդունված պատժամիջոցները և պաղեստինյան իշխանություններին կոչ արել չտրվել իսրայելական կառավարության ճնշմանը։
Դեկտեմբերի 31-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան պաղեստինցիների նախաձեռնությամբ բանաձև էր ընդունել, որով միջազգային դատարանին կոչ էր արվում իրավական գնահատական տալ «պաղեստինցի ժողովրդի ինքնորոշման իրավունքի շարունակական խախտմանը» և, մասնավորապես, Իսրայելի գործողություններին, որոնք ուղղված են «Երուսաղեմի ժողովրդագրական կազմի, բնույթի ու կարգավիճակի փոփոխմանը»:
Փաստաթուղթը նաև Իսրայելին կոչ էր անում բռնազավթված տարածքներում դադարեցնել հրեական բնակավայրերի կառուցումը։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված բանաձևը, սակայն, չունի իրավական պարտավորություն։ Հայաստանը ևս կողմ էր քվեարկել բանաձևին։
Լուսանկարը՝ EPA File Photo
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել