HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ում արդեն 11-րդ անգամ չեն կարողացել ընտրել Ներկայացուցիչների պալատի խոսնակ

Ներկայացուցիչների պալատում Հանրապետական մեծամասնության առաջնորդ Քևին Մաքքարթին 11-րդ անգամ անընդմեջ չի կարողացել ընտրվել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ։ Այդ մասին հայտնում է CNN-ը։ Ամերիկյան քաղաքականության մեջ նման իրավիճակ չէր եղել 1859 թվականից ի վեր, երբ խոսնակի ընտրության համար պահանջվել էր 44 փորձ։ Վերջին հակառակորդը` 9 փորձ, գրանցվել էր 1923 թվականին։

Ընտրությունների երրորդ օրը դարձյալ անարդյունք էր, ուստի կոնգրեսականները քվեարկությունը հետաձգել են ևս մեկ օրով։ Քվեարկության 11-րդ փորձի արդյունքում, ինչպես և մյուս 10 դեպքերում, Քևին Մաքքարթին չի կարողացել հավաքել անհրաժեշտ 218 ձայնը։ Նրա օգտին քվեարկել է 200 օրենսդիր։ Դարձյալ խոչընդոտ է դարձել «ոչ մեծ, սակայն փոխզիջումների չգնացող պահպանողական հանրապետականների խումբը», որոնց դիրքորոշումը չի փոխվում՝ նույնիսկ Մաքքարթիի առաջարկած զիջումների պարագայում։

Հանրապետական կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ՝ Բայրոն Դոնալդսը, դարձյալ ստացել է մինչև 20 ձայն։ Նրա թեկնածությունն առաջադրել էին Հանրապետական կուսակցության այն անդամները, որոնք հրաժարվում են աջակցել Մաքքարթիին։ Բացի այդ, քվեարկություններից մեկի ժամանակ 1 ձայն է ստացել նաև ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, քանի որ ֆորմալ առումով Ներկայացուցիչների պալատի խոսնակը պարտադիր չէ, որ լինի Պալատի անդամ։ 9-րդ, 10-րդ և 11-րդ քվեարկությունների ժամանակ առաջադրվել է նաև հանրապետական Քևին Հերնի թեկնածությունը, որը վերջին քվեարկության ժամանակ ստացել է 7 հանրապետականի աջակցություն։

Դեմոկրատները 11 անգամ շարունակ միասնաբար քվեարկում են Պալատի դեմոկրատական փոքրամասնության առաջնորդի օգտին։ Նյու Յորք նահանգից կոնգրեսական Հաքիմ Ջեֆրիսը հավաքել է 212 ձայն։ Քվեարկության 11-րդ փորձից առաջ նա լրագրողներին հայտարարել է, որ Դեմոկրատական կուսակցությունը չի պլանավորում օգնել հանրապետականներին և կշարունակի պահպանել միասնականությունը։

CNN-ը գրում է, որ ինքը՝ Քևին Մաքքարթին, մտադիր չէ հանել իր թեկնածությունը։ Ընդ որում, ըստ ամերիկյան հեռուստաընկերության Հանրապետական կուսակցության աղբյուրի՝ կուսակցության կենտրոնամետ կոնգրեսականների շարքում մեծանում է դժգոհությունն այն առումով, թե ինչ զիջումների է գնում Մաքքարթին, որպեսզի ստանա խոսնակի պաշտոնը։ Այդ զիջումների թվում նշվում են հիմնական հանձնաժողովների ղեկավար կազմում ծայրահեղ պահպանողականների նշանակումը, խոսնակի լիազորությունների սահմանափակումը, ինչպես նաև խոսնակին իմպիչմենտ հայտարարելու գործընթացի հեշտացումը։

118-րդ գումարման Կոնգրեսն իր աշխատանքներն սկսել է հունվարի 3-ից։ Միջանկյալ ընտրություններից հետո, որոնք կայացել էին 2022 թվականի նոյեմբերին, հանրապետականների վերահսկողության տակ էր անցել Ներկայացուցիչների պալատը։ Հանրապետականներն այստեղ ունեն 435-ից 222 մանդատ։ Նոր խոսնակին նախատեսվում էր ընտրել առաջին օրը, սակայն դա մինչ օրս չի հաջողվում անել։ Պալատի գործունեությունը կշարունակվի պարալիզացված մնալ, քանի դեռ չի ընտրվել խոսնակը։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ այդ պաշտոնը զբաղեցնում էր Նենսի Փելոսին, որը ներկայացնում էր Դեմոկրատական կուսակցությունը։

Լուսանկարում՝ ձախից Հաքիմ Ջեֆրիսը/ Haiyun Jiang/The New York Times

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter