ԱՄՆ-ում 6-րդ անգամ չեն կարողացել Ներկայացուցիչների պալատի խոսնակ ընտրել
Հանրապետական Քևին Մաքքարթին, որն առաջադրվել է Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում, վեցերորդ անգամ անընդմեջ չի կարողացել ստանալ բավարար թվով ձայներ։ Ավելի քան մեկ դար անց առաջին անգամ Կոնգրեսի ստորին պալատը չի կարողանում ղեկավար ընտրել։
Ներկայացուցիչների պալատում չորեքշաբթի օրը տեղի են ունեցել խոսնակի ընտրության չորրորդ, հինգերորդ և վեցերորդ փորձերը, ու հերթական անգամ արմատական հանրապետականների խումբը հրաժարվել է աջակցել իր կուսակցին։
Քվեարկությունը որոշվել է հետաձգել մինչև հինգշաբթի կեսօր։ 20 հանրապետականներ, չնայած նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կոչին, քվեարկել են ոչ թե Մաքքարթիի օգտին, այլ առաջին անգամ կոնգրեսական ընտրված Բայրոն Դոնալդսի, ևս մեկն էլ ձեռնպահ է մնացել։
Ներկայացուցիչների պալատում Հանրապետական կուսակցությունը 222 մանդատ ունի, իսկ Մաքքարթիի հաղթանակի համար անհրաժեշտ է առնվազն 218-ը։ Մաքքարթիի հիմնական մրցակիցը՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հաքիմ Ջեֆրիսը, հավաքել է 212 ձայն։ Նրա օգտին քվեարկել են բոլոր դեմոկրատները։
Վերջին անգամ նման իրավիճակ, երբ Ներկայացուցիչների պալատի խոսնակ չի հաջողվում ընտրել առաջին փուլում, ստեղծվել էր 100 տարի առաջ։ 1923 թվականին խոսնակ ընտրելու համար պահանջվել էր 9 փուլ։ Հիմա պալատը կշարունակի քվեարկել՝ մինչև խոսնակի ընտրվելը։ Քանի դեռ չի ընտրվել Կոնգրեսի ստորին պալատի ղեկավարը, օրենսդիրները չեն կարողանա զբաղվել որևէ այլ խնդրով։ Բացի այդ, Կոնգրեսի նոր անդամները ևս չեն կարողանա մասնակցել իրենց երդմնակալության արարողությանն ու նոր օրենքներ ընդունել։ Դեռևս հայտնի չէ, թե ընտրության քանի փուլ կպահանջվի։
Ներկայացուցիչների պալատի բազմաթիվ խոսնակներ այս պաշտոնին հասնելու ճանապարհին բազմիցս բախվել են բարդությունների, սակայն ներկուսակցական կոնֆլիկտները նախկինում բավականին արագ էին լուծվում, հաճախ՝ մինչև քվեարկությունը։ Դեռ նախորդ տարվա նոյեմբերին Մաքքարթին բախվել էր կուսակցության ծայրահեղ աջ հայացքներ ունեցող անդամների դիմադրությանը, երբ միջանկյալ ընտրությունների ժամանակ Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն էր կազմել Ներկայացուցիչների պալատում։
Երեքշաբթի օրը առավոտյան խմբակցության իր համախոհների հետ հանդիպման ժամանակ Մաքքարթին ասել էր, որ իր թեկնածությանը դեմ կքվեարկի 20 հանրապետական։ Սակայն նա վստահ էր, որ արդյունքում կհաղթի։
Ավելի վաղ, ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ Մաքքարթին ստիպված է եղել գնալ մի շարք զիջումների, որպեսզի կարողանա համոզել կոնգրեսականներին՝ սատարել իր թեկնածությանը։ Նա, մասնավորապես, համաձայնել է որոշ սահմանափակումների, որոնք վերաբերում են խոսնակի պաշտոնում ժամկետներին և պայմաններին։ Հանրապետականների մի մասը, սակայն, հայտարարել է, որ այդ քայլերը բավարար չեն։
Հիշեցնենք, որ մինչ այս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը դեմոկրատ Նենսի Փելոսին էր։
Լուսանկարում՝ Քևին Մաքքարթին/ Alex Edelman / Getty Images
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել