
Սիսիանում ավագանու նոր ընտրություններ կլինեն
Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ կդադարեցվեն, և նոր ընտրություններ կկայանան: Որոշումն ընդունվեց Կառավարության դեկտեմբերի 29-ի նիստում՝ չզեկուցվող հարցերի փաթեթով։
Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ հոկտեմբերի 12-ին նորընտիր ավագանին իր առաջին նիստում Արմեն Բենյամինի Հակոբջանյանին ընտրել է որպես համայնքի ղեկավար: Հոկտեմբերի 15-ին և 18-ին նշանակված ավագանու արտահերտ նիստերը՝ համայնքի ղեկավարի երդման արարողություն անցկացնելու օրակարգով, քվորում չլինելու պատճառով չեն կայացել, և Արմեն Հակոբջանյանը չի ստանձնել համայնքի ղեկավարի լիազորությունները:
Ավագանու անդամի մանդատից հրաժարվելու դիմումների արդյունքում «Աշխատանք և արդարություն» դաշինքը, «Ապրելու երկիր», «Մեկ Հայաստան» կուսակցությունների ավագանու անդամների մանդատները թափուր են մնացել: Ավագանու 21 անդամներից կազմում մնացել է ավագանու 10 անդամ:
Դեկտեմբերի 14-ին Սիսիանի ղեկավար ընտրված Արմեն Հակոբջանյանը ներկայացրել է հրաժարականի դիմում:
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Կառավարությունը վաղաժամկետ դադարեցնում է ավագանու լիազորությունները, եթե սահմանված կարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, համայնքի ղեկավար չի ընտրվում։ Նշված ժամկետում ավագանու արտահերթ նիստ չի անցկացվել, համայնքի ղեկավար չի ընտրվել:
Լուսանկարը՝ Վիքիպեդիայից
Մեկնաբանել