HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանն ասում է, թե նորմալ, հարևանային հարաբերություններ է ուզում Հայաստանի հետ

Ադրբեջանը տրամադրված է Հայաստանի հետ հարևանական հարաբերությունների կարգավորմանը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Ադրբեջանի, Թուրքմենստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ։

«Ադրբեջանը վճռականորեն տրամադրված է Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորմանը՝ միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման ու հարգանքի հիման վրա՝ հակամարտության էջը փոխարինելու փոխշահավետ համագործակցությամբ, նորմալ հարևանական հարաբերություններով»,- հայտարարել է Բայրամովը։

Նա հավելել է, որ ադրբեջանական կողմը Երևանին փոխանցել է խաղաղության պայմանագրի տեքստի թարմացված առաջարկները և առաջիկա շաբաթներին սպասվում է երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպում՝ քննարկումները շարունակելու համար։ Բայրամովի խոսքով՝ այս հարցում Ադրբեջանի դիրքորոշումը «հետևողական և սկզբունքային է, որը հիմնված է միջազգային իրավունքի և արդարադատության վրա»։

«Հույս ունենք, որ խաղաղության հասնելու նպատակով մեր կողմից ձեռնարկվող քայլերին Հայաստանը, վերջապես, կպատասխանի անհրաժեշտ քաղաքական կամքով և գործնական քայլերով։ Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների անհետաձգելի կատարումը, Ադրբեջանի դեմ տարածքային անհիմն պահանջներից հրաժարումը և նորմալ հարևանական հարաբերությունների կառուցման գործնական քայլերը կարևոր պայման են, որպեսզի կարգավորման գործընթացը հասնի տրամաբանական արդյունքի»,- ասել է ադրբեջանցի նախարարը։

Չնայած Բաքվի, իբր, խաղաղասիրական հայտարարություններին, արդեն երրորդ օրն է, ինչ քաղաքացիական հագուստով մի քանի հարյուր ադրբեջանցիներ Շուշիի հատվածում փակել են Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը` Արցախի բնակչությանը պահելով շրջափակման մեջ։

Վերջիններիս փոխանցմամբ՝ նրանք, իբր, բողոքում են «հայերի կողմից Լեռնային Ղարաբաղի բնական պաշարների ապօրինի օգտահանման դեմ»։ Ադրբեջանցիները հանդիպում են պահանջում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ, սակայն վերջինս անտեսում է նրանց պահանջը։ Ռուսական ուժերը նաև հատուկ տեխնիկա են բերել Շուշիի մոտ և տեղադրել մոդուլային զորանոցներ։

Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Ադրբեջանը խափանել է Արցախի գազամատակարարումը։ «Եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ: Իրավիճակի մասին հանրությանը պարբերաբար տրամադրվելու է տեղեկատվություն»,- նշված է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունում։

Լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter