ԵՄ 12 երկիր պահանջում է իջեցնել գազի գնի առաստաղը
Եվրամիության անդամ 12 երկրներ պահանջում են իջեցնել գազի գնի նկատմամբ սահմանված բորսային գների առաստաղը։ Այդ մասին գրում է ամերիկյան Bloomberg գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ այդ երկրների թվում են՝ Բելգիան, Հունաստանը, Իտալիան, Լեհաստանը, Բուլղարիան, Ռումինիան, Լատվիան, Լիտվան, Սլովակիան, Սլովենիան և Խորվաթիան։ Առաջարկն ուղարկվել է ԵՄ երկրների էներգետիկայի նախարարներին, որոնք պետք է համաձայնեցնեն այդ հարցը, իսկ արտահերթ հանդիպմանը մնացել է չորս օր։
Աղբյուրները նշում են, որ կոալիցիան բավարար ձայներ ունի, որպեսզի արգելափակի համաձայնագիրը, եթե նրա պահանջները չիրագործվեն։
ԵՄ պլանի համաձայն՝ սահմանափակումն ուժի մեջ է մտնում, եթե գազի գինը առնվազն երկու շաբաթվա ընթացքում Ամստերդամի բորսայում գերազանցի 1 Մվտ/ժ-ի դիմած 275 եվրոն (մոտ 3000 ԱՄՆ դոլար 1000 խորանարդ մետրի համար), իսկ հեղուկացված բնական գազի հետ գնի տարբերությունը առնվազն 10 օր պետք է մեծ լինի 58 եվրոյից։
Չեխիան, որը ներկայումս նախագահում է ԵՄ-ում, առաջարկում էր սահմանային գինն իջեցնել մինչև 220 եվրոյի, իսկ տարբերությունը՝ մինչև 35 եվրոյի։ Այդուհանդերձ, 12 երկրների խումբը չեխական կառավարությանը հայտարարել է, որ այդ թվերն անընդունելի են և պետք է էականորեն իջեցվեն, գրում է Bloomberg-ը։
ԵՄ երկրների էներգետիկայի նախարարների արտահերթ հանդիպումը, որտեղ նախատեսվում է քննարկել գազի գների սահմանափակման առաջարկը, կկայանա դեկտեմբերի 13-ին։ Նախորդ հանդիպումը կայացել էր նոյեմբերի 24-ին, սակայն երկրները չէին կարողացել գալ համաձայնության։
Ռուսական գազի գնի նկատմամբ առաստաղ սահմանելու նախաձեռնությամբ սեպտեմբերին հանդես էր եկել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Նա նշել էր, որ ԵՄ երկրներին հաջողվել էր 80 %-ով լցնել գազային պահեստներն ավելի շուտ, քան նախատեսված էր։ Կրեմլում ավելի վաղ հայտնել էին, որ Ռուսաստանը նավթ և գազ չի վաճառի այն երկրներին, որոնք «գների առաստաղ» են սահմանում ռուսական ածխաջրածինների նկատմամբ։
Լուսանկարը՝ Shutterstock-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել