Ահմեդ Զակաևը և Մյունխենի դատարանը պնդում են, որ չեչեն ընդդիմադիր բլոգեր Տումսո Աբդուրահմանովը ողջ է
Չեչեն բլոգեր Տումսո Աբդուրահմանովը, որի սպանության մասին ավելի վաղ հայտնել էին լրատվամիջոցները, ողջ է, պնդում են չեչեն նախկին դաշտային հրամանատար Ահմեդ Զակաևը և Մյունխենի դատարանը։ Այդ մասին հայտնում է «Кавказ.Реалии»-ն։
Ըստ նրանց՝ Աբդուրահմանովը գտնվում է Շվեդիայի ոստիկանության պաշտպանության տակ։
Մյունխենի դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Լորան Լաֆլերը նշել է, որ Մյունխենի հողային բարձրագույն դատարան վստահելի աղբյուրներից ստացվել է տեղեկատվություն չեչեն ընդդիմադիր բլոգերի ողջ լինելու մասին։ «Ես կարող եմ հաստատել, որ մենք տեղեկատվություն ենք ստացել այն մասին, որ վկան ողջ է: <...> Մենք պատճառներ չունենանք կասկածել այդ տեղեկատվությանը»,- հայտարարել է նա։
Ներկայումս այս դատարանում ընթանում է Գերմանիայում Տումսո Աբդուրահմանովի կրտսեր եղբոր վրա մահափորձ կազմակերպած անձի դատավարությունը։ Բլոգերը պետք է ցուցմունք տար այս գործով։ Ինչպես նշվում էր, ծրագրվող սպանության նպատակը բլոգերին վախեցնելն ու նրան լռել ստիպելն էր։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին «1ADAT» տելեգրամյան ալիքը և «Ազատություն» ռադիոկայանը, հղում անելով Եվրոպայից և Չեչնիայից աղբյուրների տվյալներին, հայտնել էին, որ Տումսո Աբդուրահմանովը սպանվել է Շվեդիայում։
«Ունենք բավարար տեղեկատվություն, որը հաստատում է նրա մահը, իսկ եղբորը՝ Մուհամմադին, թաքցրել են (շվեդական) հատուկ ծառայությունները։ <…> Մենք չենք կարող հրապարակել սեփական և աղբյուրների անվտանգության նպատակով։ Տումսոն սպանվել է գիշերը՝ մի խումբ անձանց կողմից և ներկայումս պարզվում են սպանության մանրամասները»,- նշում է տելեգրամյան ընդդիմադիր ալիքը։
Ընդ որում՝ «Ազատություն» ռադիոկայանը նշում էր, որ բլոգերն սպանվել է դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը։
Այն մասին, որ Աբդուրահմանովը և նրա եղբայրը, որոնք բնակվում են Շվեդիայում, դադարել էին կապի դուրս գալ, հայտնի էր դարձել դեկտեմբերի 3-ին։ Իրավապաշտպանները հայտարարել էին, որ նա անհետացել է։
Աբդուրահմանովը Կադիրովի գլխավոր քննադատներից մեկն էր, չեչեն ընդդիմադիր բլոգեր, որը 2015 թվականին լքել էր Չեչնիան՝ Կադիրովի հարազատներից մեկի՝ Իսլամ Կադիրովի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Ավելի ուշ, նա սկսել էր վարել յութուբյան ալիք, որտեղ քննադատում էր Չեչնիայի ղեկավարությանը։
Մասնավորապես, 2019 թվականի մարտին Աբդուրահմանովը տեսագրություն էր հրապարակել, որտեղ Չեչնիայի առաջին նախագահ Ահմատ Կադիրովին անվանում էր «չեչեն ժողովրդի դավաճան»։ Ժամանակի ընթացքում բլոգը բավականին հեղինակավոր էր դարձել Չեչնիայի ողջ տարածքում։
2020 թվականի փետրվարին անհայտ անձը Շվեդիայում ներթափանցել էր Աբդուրահմանովի բնակարան և մուրճով մի քանի հարված հասցրել քնած բլոգերին։ Աբդուրահմանովը կարողացել էր զինաթափել նրան և ոստիկանություն կանչել։ Շվեդիայի դատարանը երկու ռուսաստանցիների հարձակման մեջ մեղավոր էր ճանաչել և նրանց դատապարտել 8 և 12 տարվա ազատազրկման։
Լուսանկարը՝ AP PHOTO/FRANCESCA EBEL
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել