HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջորջիայում հաղթանակով դեմոկրատները ԱՄՆ Սենատում պահել են մեծամասնությունը

Ջորջիա նահանգում սենատորի ընտրության երկրորդ փուլում հաղթել է Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ռաֆայել Ուորնոքը։ Այսպիսով, Դեմոկրատական կուսակցությունը ամերիկյան օրենսդիր մարմնի վերին պալատում ստանում է ձայների բացարձակ մեծամասնությունը, ինչը նշանակում է, որ այլևս իր հույսը չի դնի փոխնախագահ Քամալա Հարիսի ձայնի վրա։

Միջանկյալ ընտրություններից հետո, որն ԱՄՆ-ում կայացել էր այս տարվա նոյեմբերի սկզբին, դեմոկրատները և հանրապետականները Սենատում ստացել էին 49-ական մանդատ։ Դա Քամալա Հարիսի ձայնը դարձրել էր վճռորոշ, քանի որ, ըստ ամերիկյան օրենսդրության, ձայների հավասարման պարագայում որոշիչ է դառնում փոխնախագահի ձայնը։ Սակայն Ջորջիայում Ուորնոքի հաղթանակով Դեմոկրատական կուսակցությունը ստացել է 51 մանդատ, ներառյալ փոխնախագահինը։ 

Ընդ որում, Ներկայացուցիչների պալատի նկատմամբ վերահսկողությունը ստացել են հանրապետականները։ Ջորջիայում ընտրությունների առաջին փուլի ժամանակ ո՛չ հանրապետական Հերշել Ուոքերը, և ո՛չ էլ դեմոկրատ Ռաֆայել Ուորնոքը չէին կարողացել հավաքել ձայների ավելի քան 50 %-ը, որն անհրաժեշտ էր առաջին փորձից ընտրություններում հաղթելու համար։ Այդ իսկ պատճառով նշանակվել էր ընտրությունների երկրորդ փուլ, որը կայացավ դեկտեմբերի 6-ին։

BBC-ն գրում է, որ Ուոքերը ամերիկյան ֆուտբոլի հայտնի խաղացող էր, որը դեմ էր հանդես գալիս աբորտներին, իսկ նրա թեկնածությանն աջակցում էր Դոնալդ Թրամփը։ Ընդ որում, նախընտրական քարոզարշավի ժամանակ Ուոքերի հասցեին քննադատություններ էին հնչել, որտեղ նշվում էր, որ վերջինս, իբր, իր նախկին երկու ընկերուհիներին վճարել է աբորտի համար։ Քաղաքական գործիչը հերքել էր այս մեղադրանքները։ 60-ամյա նախկին սպորտսմենը խոստովանել էր, որ ունի արտաամուսնական կապից երեք երեխա, չնայած բազմիցս հանդես է եկել այն հայրերի դեմ, որոնք հոգ չեն տանում իրենց երեխաների մասին։ Դեմոկրատ Ուորնոքն էլ բապտիստական եկեղեցու հոգևորական է։

Ջորջիայի ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է նրանով, որ այս նահանգում ավանդաբար հաղթում են հանրապետականները, սակայն 2020 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Ջորջիան դարձել էր դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի առաջին հաջողությունը։ Ընդորում, Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուն այս նահանգում վերջին անգամ հաղթել էր 1992 թվականին։

Լուսանկարները՝ The New York Times-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter