
Առաջարկվում է շինթույլտվության ժամկետը երկարացնելիս ավելի բարձր դրույքաչափով տեղական տուրք գանձել
Կառավարությունն առաջարկում է շինթույլտվության առաջին ժամկետի ավարտի դեպքում անավարտ շինարարության համար գույքահարկը վճարել այնպես, ինչպես ավարտված շենքի պարագայում։
Միաժամանակ, առաջարկվում է բարձրացնել շինթույլտվության տրամադրման համար նախատեսված տեղական տուրքի դրույքաչափերը:
Ըստ նախագիծը ներկայացնող Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի՝ ներկայում Երևանի ցանկացած գոտում, օրինակ՝ 5000 քմ շինարարության համար տեղական տուրքի չափը կարող է կազմել 500 000 դրամ։
«Սահմանված ժամկետում շինարարությունը ավարտին չհասցնելու դեպքում, երկրորդ կամ երրորդ անգամ շինթույլտվության ժամկետը երկարացնելու համար դիմելիս կվճարվի ավելի բարձր դրույքաչափով տեղական տուրք, քան առաջին անգամ»,- ասաց նախարարը՝ նշելով, որ փոփոխությունները չեն կիրառվի սահմանամերձ համայնքներում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ճշտեց՝ ոչ թե համայնքներին պետք է վերաբերի, այլ՝ բնակավայրերին։
Կատարվող փոփոխություններով անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ կհամարվեն նաև պետական և համայնքային սեփականության հողամասերի վրա կառուցված ինքնակամ շինությունները։
Անշարժ գույքի հարկ կվճարեն նաև պետական և համայնքային սեփականության հողամասերի և շինությունների անհատույց օգտագործողները, ինչպես նաև՝ կառուցապատման կամ վարձակալության իրավունքով տրամադրված՝ պետական և համայնքային սեփականության հողամասերի մշտական օգտագործողները՝ ստորգետնյա և վերգետնյա շենքերի, շինությունների կամ կառույցների մասով։
Շինարարության թույլտվության ժամկետն անցնելու կամ երկարաձգելու դեպքում, ավարտվածության աստիճանից կախված՝ անշարժ գույքի հարկման բազան նվազեցնող գործակիցներն այլևս չեն կիրառվի։
Կառավարությունը դեկտեմբերի 1-ի նիստում ընդունեց նախագծով առաջարկվող փոփոխությունները։ Գործադիրի օրենսդրական նախաձեռնությունը անհետաձգելի կարգով կներկայացվի Ազգային Ժողով։
Մեկնաբանել