HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իլհամ Ալիև. «Բաքուն թույլ չի տա Հայաստանի հետ խաղաղության պայմանագրում ներառել Ղարաբաղի հայերի հարցը»

Ադրբեջանը չի համաձայնի Հայաստանի հետ խաղաղության պայմանագրում այնպիսի հարցերի ներառմանը, որոնք «վերաբերում են Լեռնային Ղարաբաղում հայկական փոքրամասնությանը»։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նոյեմբերի 17-ին Բաքվում ընդունելով Եվրամիության պատվիրակությանը, որը գլխավորում է Արևելյան գործընկերության հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց Դիրկ Շուբելը։

«Նրանք (խմբ. Հայաստանը) ցանկանում են խաղաղության պայմանագրում ներառել հարցեր, որոնք վերաբերում են Ադրբեջանում հայկական փոքրամասնությանը։ Դա չի լինի։ Դա անհնարին է։ Մենք դրան համաձայնություն չենք տա»,- ասել է Ալիևը, որի խոսքերը մեջբերում է ադրբեջանական APA գործակալությունը։

Ալիևի խոսքով՝ Բաքվին անհրաժեշտ է Հայաստանի կառավարության հստակ դիրքորոշումը, որը կապված է նրա օրակարգի հետ։ «Ես վերջերս ասել եմ, որ եթե նրանք խաղաղություն ցանկանան, ապա մենք էլ խաղաղություն կցանկանանք։ Եթե նրանք խաղաղություն չեն ուզում, ապա դա նրանց ընտրությունն է։ Երեսուն տարի մենք խաղաղություն չունեինք, և Հայաստանը չպետք է մոռանա, թե դա ինչով ավարտվեց»,- սպառնացել է Ալիևը։

Նրա խոսքով՝ խաղաղության վերաբերյալ Հայաստանի ներկայիս կառավարության հայտարարությունները «մանիպուլյացիա» են։ Ալիևը հավելել է, որ եթե Հայաստանը ցանկանում է խաղաղություն, պետք է հրաժարվի հստակ հռետորաբանությունից։ «Վերջերս Հայաստանի պաշտոնատար անձինք Ադրբեջանին համեմատեցին «Իսլամական պետության» և Ալ Քաիդայի հետ։ Իմ կարծիքով դա շատ վտանգավոր հռետորաբանություն է։ <...> Բայց երբ պարոն Փաշինյանը արտահայտում է այդ բառերը, պետք է իմանա, որ մենք դրանք լսում ենք։ Նա պետք է մտածի մեր արձագանքի մասին»,- ասել է նա։

Ադրբեջանի նախագահը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է խոսել Ղարաբաղի հայերի հետ՝ նրանց իրավունքների և անվտանգության մասին։ «Եթե նրանք (խմբ. Հայաստանը) ցանկանում են խոսել Ղարաբաղում հայերի իրավունքների և անվտանգության մասին, ապա դա չի ստացվի։ Մենք պատրաստ ենք այդ մասին խոսել հայերի հետ, որոնք ապրում են Ղարաբաղում։ <...> Մենք պատրաստ ենք խոսել մարդկանց հետ, որոնք ապրում են Ղարաբաղում և ցանկանում են այնտեղ ապրել։ Մենք դրան պատրաստ ենք։ Ի դեպ, այդ գործընթացն արդեն սկսվել է»,- ասել է Ադրբեջանի նախագահը։ Նա ընդգծել է, որ առանց կողքից խառնվելու և փորձելու կանգնեցնել այդ գործընթացը՝ «այն կարող է առավել դինամիկ ընթանալ»։

Ալիևը, սակայն, հավելել է, որ իրենք կխոսեն այնտեղ ապրող հայերի հետ, այլ ոչ Արցախի իշխանությունների հետ՝ հստակ նշելով պետնախարար Ռուբեն Վարդանյանի անունը, որին Ալիևն անվանել է «մարդ, որին ուղարկել են Մոսկվայից և որի գրպաններում միլիարդավոր փողեր են, որոնք գողացվել են ռուս ժողովրդից»։ Ալիևի խոսքով՝ «նա Ղարաբաղ է եկել հստակ օրակարգով»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 31-ին Սոչիում կայացել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումը, որի շրջանակներում քննարկվել է Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հնարավորությունը։ Բանակցություններից հետո կողմերը ստորագրել էին համատեղ հայտարարություն, որտեղ նշվում էր, որ նրանք ձեռնպահ են մնալու ուժի կիրառումից և սադրիչ հռետորաբանությունից։

Սակայն այդ ամենը չխանգարեց, որ նոյեմբերի 8-ին Շուշիում Ալիևը դարձյալ սպառնա Հայաստանին՝ հայտարարելով, որ խաղաղություն կլինի, եթե Հայաստանը շարժվի իրենց թելադրած օրակարգով, ինչը ենթադրում է Հայաստանի կողմից Արցախից և Արցախի կարգավիճակից հրաժարում, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում և Հայաստանի տարածքով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» տրամադրում, որը, ըստ ադրբեջանական կողմի, իրար կկապի Ադրբեջանի արևմտյան շրջաններն ու Նախիջևանը։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter