Հանրապետական կուսակցությունը վերցրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի վերահսկողությունը
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը ապահովել է 218 տեղ, որն անհրաժեշտ է Կոնգրեսի ստորին պալատի նկատմամբ վերահսկողություն ունենալու համար։ Երկու կուսակցությունների միջև տարբերությունը չնայած աննշան է, այդուհանդերձ սա հանրապետականներին հնարավորություն կտա բարդացնել դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրակարգն առաջիկա երկու տարիներին։
Այս արդյունքը նշանակում է, որ ԱՄՆ-ում իշխանությունը դարձյալ միաբևեռ չի լինի, քանի որ նախագահական վարչակազմն ու Սենատը գտնվում են Դեմոկրատական կուսակցության վերահսկողության ներքո, իսկ Ներկայացուցիչների պալատը՝ հանրապետականների։
BBC-ն, հղում անելով CBS News-ին, գրում է, որ Ներկայացուցիչների պալատում Հանրապետական կուսակցությանը 435 մանդատից բաժին կհասնի 218-223 մանդատ։
Դեռ նախորդ շաբաթ էին ամերիկյան լրատվամիջոցներն ու վերլուծաբանները գրում, որ երկրում օրենսդիր իշխանությունը կկիսվի երկու կուսակցության միջև։ Այդուհանդերձ, նրանք կանխատեսում էին Հանրապետական կուսակցության ակնհայտ հաղթանակը, ինչը, սակայն, տեղի չունեցավ։ Քանի որ ձայների հաշվարկը դեռևս շարունակվում է և որոշ դեպքերում մրցակիցների միջև տարբերությունն աննշան է, յուրաքանչյուր կուսակցության մանդատների հստակ թիվը դեռևս հայտնի չէ։
Կոնգրեսի նոր կազմի առաջին նիստը կկայանա 2023 թվականի հունվարի 3-ին։ Քևին Մաքքարթին, որին Հանրապետական կուսակցության շարքային անդամները նախօրեին ընտրել են որպես խոսնակի հավանական թեկնածու, որը կփոխարինի դեմոկրատ Նենսի Փելոսիին, հայտարարել է, որ հանրապետականները «պաշտոնապես շրջել են» Պալատը։
🚨 BREAKING 🚨 Republicans have officially flipped the People's House! Americans are ready for a new direction, and House Republicans are ready to deliver. pic.twitter.com/JIRrLEhKQe
— Kevin McCarthy (@GOPLeader) November 17, 2022
«Ամերիկացիները պատրաստ են նոր կուրսին և Պալատում հանրապետականները պատրաստ են հետևել դրան»,- գիշերը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է նա։
Իր հերթին նախագահ Բայդենը շնորհավորել է Մաքքարթիին իր կուսակցության հաղթանակի համար՝ առաջարկելով համատեղ աշխատել բոլոր ամերիկացիների բարեկեցությունն ապահովելու համար։ «Ինչպես նախորդ շաբաթ ես արդեն ասել եմ, ապագան չափազանց խոստումնալից է թվում քաղաքական մարտերի մեջ ընկնելու համար։ Ամերիկյան ժողովուրդը ցանկանում է, որ մենք նրանց համար գործերը կարգավորենք։ Նրանք ցանկանում են, որ մենք կենտրոնանանք նրանց համար կարևոր հարցերի վրա և նրա վրա, որ նրանց կյանքն ավելի լավը դարձնենք»,- հայտարարել է դեմոկրատ նախագահը։
Ներկայացուցիչների պալատում ստանալով ձայների մեծամասնությունը՝ հանրապետականները կկարողանան գլխավորել հիմնական հանձնաժողովները, ինչը նրանց հնարավորություն կտա նախաձեռնել անհրաժեշտ օրինագծերն ու բացել նրանց կողմից վաղուց նախատեսվող Բայդենի, նրա ընտանիքի անդամների ու վարչակազմի աշխատակիցների գործունեության հետաքննությունը։
Միևնույն ժամանակ, ստորին պալատում հանրապետականների հաստատած ցանկացած օրենսդրական նախաձեռնություն կամ հետաքննություն կարող է արգելափակվել Սենատի կողմից, որտեղ դեմոկրատները դեռ պահպանում են մեծամասնությունը:
Լուսանկարը՝AP Photo/J. Scott Applewhite
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել