HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Արմեն Աշոտյանին 2 հոդվածով մեղադրանք է առաջադրվել

Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել «Հայաստանի հանրապետական» կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին` Քրեական օրենսգրքի երկու հոդվածով։

«Մեղադրանքը ներկայացվեց Քրեական օրենսգրքի բավականին անսպասելի հոդվածներով՝ պաշտոնեական դիրքի չարաշահում, որը առաջացրել է ծանր հետևանքներ և փողերի լվացում։ Գործը կապված է Երևանի պետական բժշկական համալսարանի կողմից անշարժ գույք ձեռք բերելու հետ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Փաստաբանի խոսքով` որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին։

Նշենք, որ Քննչական կոմիտեն քրեական հետապնդում էր սկսել 2012-2018 թվականներին Բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնը զբաղեցրած Միքայել Նարիմանյանի նկատմամբ։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ` «Միքայել Նարիմանյանը, հանդիսանալով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի նախկին ռեկտորը, ինչպես անձամբ, այնպես էլ նույն հիմնադրամի կողմից ստեղծված «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ Մ.Ս.-ի օժանդակությամբ դիտավորությամբ, վատնման եղանակով, ծառայողական դիրքն օգտագործելով` կատարել է իրեն վստահված, իր տնօրինմանը հանձնված Հիմնադրամին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն՝ 39 մլն 660 հազար դրամի չափով»։

Հենց այս տարիներին էլ Արմեն Աշոտյանը եղել է Կրթության և գիտության նախարար (2009-2016թթ.)` միաժամանակ զբաղեցնելով ԵՊԲՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը:

Այս քրեական գործին իր առնչության մասին Արմեն Աշոտյանը նոյեմբերի 5-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է, մասնավորապես, ասելով. «Դավիթ Սանասարյանի ժամանակ ՊՎԾ-ն հաստափոր տեղեկանք է գրում Բժշկական համալսարանի մասով տարբեր տարիների տարբեր ռեկտորների վերաբերյալ։ Մի դրվագով փորձում է «բոչկա գլորել» ինձ վրա, թե իբր Բժշկական համալսարանն այդ ժամանակահատվածում բիզնես հարաբերություններ է ունեցել «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ընկերություններից մեկի հետ»։

Աշոտյանի խոսքով՝ ՊՎԾ-ի այդ տեղեկանքը 2018 թվականից սկսած՝ 4 տարի շարունակ պտտվել է իրավապահ համակարգում, սակայն ոչ մի հիմք չեն կարողացել գտնել՝ իրեն և Իշխան Սաղաթելյանին մեղավոր ճանաչելու համար։ Աշոտյանը նշում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը կրկին վերաբացել է այս գործը՝ իր և Իշխան Սաղաթելյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու նպատակով։

«Գործի մանրամասների մասին, գործարքի և այլն թաքցնելու որևէ բան չունեմ։ Հիմա չեմ ուզում ծանրաբեռնել, որովհետը չորս տարվա ընթացքում ոչ մի իրավապահ մարմին որևէ «չէպէ» ինձ վրա չի գտել։ Ինձ փորձում են վերագրել՝ իբր ես նպաստել եմ, հորդորել եմ, որի արդյունքում բժշկական համալսարանն անարդյունավետ ծախս է արել։ Մի բան ուզում եմ վստահեցնել, որ որևէ կոպեկ այդ գործարքներից, բացի հասանելիք պաշտոնական աշխատավարձից, ինձ չի հասել։ Ավելին, այն գույքը, որ գնել է Բժշկական համալսարանը, ոչ թե միջոցների վատնում է, այլ պարզվում է՝ շուկայական այսօրվա արժեքներով առնվազն մոտ է կրկնակի ավելի մեծ արժեք ունի, քան ժամանակին Բժշկականը, իմ՝ որպես կառավարման խորհրդի նախագահի քվեարկությամբ, գնել է»,- ասել է Աշոտյանը:

Նշենք, որ «Հայաստանի հանրապետական» կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ երեկ՝ նոյեմբերի 16-ին, հայտնել էր, որ Արմեն Աշոտյանին «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են մեկնել Լիսաբոն՝ մասնակցելու ԵԺԿ Քաղաքական համաժողովին։

«Հանկարծ որոշել են, որ Արմենը մեղադրյալ է մի անկապ գործով։ Արմենը պետք է ԵԺԿ համաժողովում մերկացներ Ադրբեջանի կեղծ թեզերն ու պաշտպաներ Արցախի ժողովրդի անկախ ապրելու հրամայականը»,- գրել էր Շարմազանովը։

Լուսանկարը՝ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter