G20-ի գագաթնաժողովը դատապարտել է Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը
G20-ի երկրները նոյեմբերի 16-ին Բալիում ընդունված հայտարարության մեջ խիստ քննադատության են ենթարկել Ուկրաինայում Ռուսաստանի հրահրած պատերազմը։ «Անդամների մեծամասնությունը վճռական կերպով դատապարտել են Ուկրաինայում պատերազմը և ընդգծել, որ այն առաջացնում է անչափելի մարդկային տառապանքներ և խորացնում համաշխարհային տնտեսության առկա խոցելիությունը»,- DW-ի փոխանցմամբ նշված է փաստաթղթում։
Հայտարարության մեջ ասվում է, որ այս պատերազմը սահմանափակում է համաշխարհային տնտեսական աճը, նպաստում գնաճին, խախտում մատակարարումների շղթան, խորացնում էներգետիկ և պարենային անվտանգության բացակայությունը և բարձրացնում ֆինանսական կայունության ռիսկերը։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի վերաբերյալ փաստաթղթում նշվում է, որ հանդիպման մասնակիցների շարքում կան այնպիսինները, որոնք «այլ կարծիք ունեն ու իրավիճակին ու պատժամիջոցներին այլ գնահատական են տալիս։ «Մենք ընդունում ենք, որ G20-ը անվտանգության հարցերի լուծման համաժողով չէ, բայց նաև ընդունում ենք, որ անվտանգության հարցերը կարող են էական ազդեցություն ունենալ համաշխարհային տնտեսության վրա»,- ասված է հայտարարության մեջ։ Առանց Ուկրաինայում պատերազմի ուղիղ նշման, փաստաթղթում ընդգծվում է. «Միջուկային զենքի կիրառումը կամ կիրառման սպառնալիքը անթույլատրելի է»։
Փաստաթղթում նշվում է, որ խոշորագույն արդյունաբերական զարգացած և զարգացող երկրների ղեկավարները պնդում են հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, ճգնաժամերի հաղթահարման ջանքերը, դիվանագիտական քայլերը և երկխոսությունը:
Հիշեցնենք, որ Ինդոնեզիայի Բալի կղզում այս օրերին ընթանում էր 20-ի խմբի անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի փոխարեն ռուսական պատվիրակությանը ներկայացնում էր այդ երկրի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Լուսանկարը՝ PTI-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել