HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանում հայտնում են իրանական լրտեսական ցանցի բացահայտման մասին

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է լրտեսական ցանցի բացահայտման մասին, որն Ադրբեջանի տարածքում ստեղծվել է իրանական հատուկ ծառայությունների կողմից։ Այդ մասին գրում է TACC գործակալությունը՝ հղում անելով ադրբեջանական գերատեսչության տարածած մամլո հաղորդագրությանը։ Վերջինիս փոխանցմամբ՝ 5 անձ ձերբակալվել է։

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ասկերով Զահիր Ֆահրադդին օղլուն, որն աշխատում է Կասպից ծովի նավթային նավատորմում որպես նավապետ, Իրանի Կում քաղաքում կրոնական կրթություն ստանալիս հավաքագրվել է Իրանի հատուկ ծառայությունների կողմից։ Նրանց հանձնարարությամբ նա տեղեկություններ է հավաքել Ադրբեջանում գործող օտարերկրյա կազմակերպություների ու ներկայացուցիչների, Կասպից ծովում ռազմածովային ուժերի անցկացրած զորավարժությունների վայրի ու տեղի, նավթային բեռների տեղափոխման ուղղությունների մասին»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Ասկերովն այդ տեղեկությունները փոխանցել է ինչպես հեռախոսով, այնպես էլ Իրանում այդ անձանց հետ հանդիպումների ժամանակ։

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ գործով անցնում են նաև Էլնուր և Արիֆ Ռասուլովները, որոնք նյութական փոխհատուցման դիմաց իրանական հատուկ ծառայություններին են փոխանցել Բաքվի մոտ գտնվող տարածքների, որտեղով անցնում են նավթատարներն ու գազատարները, Ադրբեջանի ՊՆ և ՊՍԾ անօդաչուների տեղակայման վայրերի, ռազմական տեխնիկայի, Բաքվի և հանրապետության մյուս շրջաններում ռազմավարական ու ռազմական օբյեկտների լուսանկարներն ու տեսանյութերը։

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, ռազմական բնույթի տեղեկատվություն իրանական հատուկ ծառայություններին փոխանցել են նաև Բախտիյար Աղազադեն և Միրհաֆիզ Ջաֆարզադեն։ «Ադրբեջանի քաղաքացիներ Զահիր Ասկերովին, Էլնուր Ռասուլովին, Արիֆ Ռասուլովին, Միրհաֆիզ Ջաֆարզադեին և Բախտիյար Աղազադեին քրեական մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածով (պետական դավաճանություն)։ Նրանք ձերբակալվել են»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հետաքրքրական է, որ Իրանը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել այս տեղեկատվությունը։

Վերջին շաբաթներին դարձյալ լարվել են Բաքվի և Թեհրանի հարաբերությունները։ Ադրբեջանը տարբեր մակարդակներով, այդ թվում նախագահ Իլհամ Ալիևի, Իրանին մեղադրում է հայամետ դիրքորոշում արտահայտելու և քաղաքականություն վարելու մեջ՝ անգամ նշելով, թե Իրանը զորավարժություններ է անում Ադրբեջանի սահմանին՝ դրանով իր աջակցությունը հայտնելով Երևանին։ ««Եթե պետք է, ցույց կտանք ևս մեկ անգամ, կհասնենք ցանկալիին, դա գիտեն բոլորը, և դա պետք է իմանան նաև նրանք, ովքեր զորավարժություններ են անում մեր սահմանների մոտ ի աջակցություն Հայաստանի»,- Շուշիում հայտարարել էր Ալիևը։

Լարվածության ֆոնին Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն կանչվել էր Իրանի արտաքին գործերի նախարարություն՝ այդ երկրի պաշտոնատար անձանց կողմից արված հակաիրանական հայտարարությունների համար։ Համանման քայլ էին արել նաև Բաքվում՝ ԱԳՆ կանչելով Իրանի դեսպանին։

Բացի այդ, Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել էր, որ Իրանի Շիրազ քաղաքի Շահ Չերահ դամբարանում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչը Ադրբեջանի քաղաքացի է։ «Երկրի ներսում ահաբեկչական խմբավորման գործողությունների կազմակերպիչը և համակարգողը եղել է Ադրբեջանի քաղաքացի, որը Թեհրան ժամանելով՝ անմիջապես կապ է հաստատել Աֆղանստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչների հետ և նրանց տեղեկացրել, որ Իրանում է։ Մզկիթում ահաբեկչությունը կազմակերպած խմբի կազմում եղել են նաև Աֆղանստանի և Տաջիկստանի քաղաքացիներ»,- իրանական գերատեսչության հայտարարությունը մեջբերել էր TASNIM գործակալությունը։ 

Լուսանկարը՝ APA գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter