Թուրքիայում բանակցել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետախուզական ծառայությունների ղեկավարները
ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետախուզական ծառայությունների ղեկավարները երկկողմ բանակցություններ են վարում Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։ Այդ մասին գրում են Reuters-ը և Коммерсант-ը՝ հղում անելով իրենց աղբյուրներին։ Ավելի վաղ, այդ հանդիպման մասին չէր հայտարարվել։
Բանակցություններում ամերիկյան կողմին ներկայացնում է Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը, իսկ ռուսական պատվիրակությունը գլխավորում է Արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
Ավելի վաղ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր ռուս-ամերիկյան բանակցությունների մասին տեղեկությունը։
Reuters-ը գրում է, որ բանակցությունների ժամանակ Ուիլյամ Բերնսը Նարիշկինին է փոխանցել այն հետևանքները, որոնք կարող են լինել Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման հետևանքով։ Ըստ պարբերականի՝ կողմերը չեն քննարկել Ուկրաինայում հակամարտության կարգավորումը, իսկ ուկրաինական կողմը նախապես տեղեկացված է եղել այս բանակցությունների մասին։
Վերջին անգամ Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները հանդիպել էին հունվարի 10-ին, Ժնևում՝ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների համար։
Նոյեմբերի սկզբին The Washington Post-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Ուկրաինայի իշխանություններին խնդրել էր հանրային կամք ցուցադրել, որ Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ բանակցություններին։ Նոյեմբերի 7-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր Ռուսաստանի հետ բանակցությունների հինգ պայմանի մասին։ «Եվս մեկ անգամ. տարածքային ամբողջականության վերականգնում, ՄԱԿ-ի կանոնադրության նկատմամբ հարգանք, պատերազմի հետևանքով բոլոր կորուստների փոխհատուցում, յուրաքանչյուր զինվորական հանցագործի պատժում և երաշխիքներ, որ այս ամենը չի կրկնվի»,- ասել էր նախագահ Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը չէր հիշատակել իր նախկին պահանջներից մեկը, որ բանակցություններն անհնարին են Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Politico պարբերականը պնդում է, որ Զելենսկին փոխել է իր դիրքորոշումը Ռուսաստանի հետ բանակցությունների մասով այն բանից հետո, երբ Սպիտակ տունը «նրբորեն նրան դրդել էր դրան»։
Լուսանկարը՝ Getty Images-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել