Սլովենիայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Սլովենիայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով 07:00-ից (Երևանի ժամանակով՝ 10:00-ից) և կփակվեն 19:00-ին (Երևանի ժամանակով՝ 22:00-ին)։ Ընտրությունների առաջին փուլի ժամանակ թեկնածուներից և որևէ մեկը չէր կարողացել հավաքել ձայների առնվազն 50 %-ը։
DW-ի փոխանցմամբ՝ երկրի նախագահի պաշտոնի համար պայքարում են արտաքին գործերի նախկին նախարար, կենտրոնամետ Սլովենիայի դեմոկրատական կուսակցությունից պատգամավոր Անժե Լոգարը և անկուսակցական թեկնածու, ձախ հայացքներ ունեցող փաստաբան Նատաշա Պիրց Մուսարը։
Ընտրությունների առաջին փուլի արդյունքներով, որը կայացել էր հոկտեմբերի 23-ին, Լոգարն ստացել էր ձայների մոտ 34 %-ը, իսկ Պիրց Մուսարը՝ գրեթե 27 %-ը։ Երրորդ հորիզոնականն զբաղեցրել էր Եվրախորհրդարանի պատգամավոր, «Սոցիալական դեմոկրատներ» կուսակցության և «Ազատություն» շարժման թեկնածու Միլան Բրգլեզը, որը հավաքել էր ձայների 15,41 %-ը։
Սլովենիայի նախագահն իր լիազորությունների կատարմանը կանցնի դեկտեմբերի 23-ից, երբ կլրանա գործող նախագահ Բորուտ Պահորի պաշտոնավարման ժամկետը։ Սլովենիան խորհրդարանական հանրապետություն է, այդ իսկ պատճառով նախագահի լիազորություններն սահմանափակ են։
Այս տարվա ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաղթել էր ձախ կենտրոնամետ «Ազատություն» շարժումը՝ Ռոբերտ Գոլոբի գլխավորությամբ՝ ստանալով ձայների 34,54 %-ը։ Նախկին վարչապետ Յանեզ Յանշիի աջ կենտրոնամետ Սլովենական դեմոկրատական կուսակցությունն ստացել էր ձայների 23,53 %-ը։
Լուսանկարը՝ Associated Press գործակալության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել