Ադրբեջանի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ. պատճառը Բաքվի ոչ բարեկամական հայտարարություններն են
Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն՝ այդ երկրի պաշտոնատար անձանց կողմից արված հակաիրանական հայտարարությունների համար։ TACC գործակալության փոխանցմամբ այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։
«Իրանի Իսլամական Հանրապետությունում Ադրբեջանի դեսպանը ԱԳՆ է կանչվել արտաքին գործերի նախարարի օգնականի կողմից՝ ի նշան Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների ոչ բարեկամական հայտարարությունների դեմ բողոքի»,- հայտարարել են նախարարությունից։
Զրույցի ընթացքում իրանական կողմը Ալիզադեին վճռական բողոքի նոտա է փոխանցել «Ադրբեջանի պաշտոնատար անձանց ոչ բարեկամական հռետորաբանության», ինչպես նաև ադրբեջանական լրատվամիջոցներում Իրանի՝ իրականությանը չհամապատասխանող կերպարի ստեղծման համար։ Թեհրանը ակնկալում է, որ Բաքվի կողմից նման գործողությունները «կդադարեն որքան հնարավոր է շուտ և չեն կրկնվի հետագայում»։
Իր հերթին Ադրբեջանի դեսպանը իրանական արտաքին քաղաքական գերատեսչությանը տեղեկացրել է, որ անհապաղ այդ մասին կտեղեկացնի Բաքվին։
Նոյեմբերի 1-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել էր ապօրինի զինված խմբավորման հայտնաբերման մասին, որը «ստեղծվել էր Իրանի հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո»։ Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ խմբավորման անդամների մոտ «հայտնաբերվել և առգրավվել էին բազմաթիվ հանցանշաններ, որոնք վկայում են ապօրինի զինված խմբավորումների զինվորական զորավարժություններին նրանց մասնակցության, հանրապետության տարածքում արգելված գրականության տարածման, ծայրահեղականության և կրոնական-արմատական հայացքների քարոզման մասին։ Հաղորդագրության մեջ նշվում էր, որ ձերբակալվածները երրորդ երկրի տարածքով տեղափոխվել էին Թեհրան, իսկ այնտեղից ուղարկվել Սիրիա, որտեղ նրանց ներգրավել են զինվորական զորավարժություններում, սովորեցրել տարբեր տեսակի հրազենի կիրառման կանոններն ու մարտավարական հնարքներ։
Լուսանկարը՝ IRNA գործակալության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել