HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոչ են անում միջազգային կառույցներին Փոստանջյանի հարցով միջնորդել ՀՀ իշխանություններին

Մենք` ներքոստորագրյալներս, հետևելով 2011թ. փետրվարի 23-ից ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի անազատության մեջ գտնվող եղբոր`  Տիգրան Փոստանջյանի դեմ հարուցված քրեական գործի ընթացքին, արձանագրում ենք, որ քրեական հետապնդման անվան ներքո տեղի է ունենում քաղաքական հաշվեհարդար ընդդիմության ներկայացուցչի նկատմամբ` նրա ընտանիքի անդամին հետապնդելու միջոցով: Տիգրան Փոստանջյանի նկատմամբ սկսված քրեական հետապնդումը ընթանում է ՀՀ օրենսդրության և միջազգային նորմերի կոպիտ խախտումներով:

ՀՀ գլխավոր դատախազությունը միայն մեկ անձի դիմումի հիման վրա, այն ստանալու պահից մի քանի ժամ անց 18.02.2011 թվականին հարուցել է քրեական գործ: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ցուցումով գործի քննության իրականացումը հանձնարարվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, որը Հայաստանի Հանրապետության քրեադատավարական օրենսդրությամբ չի հանդիսանում նրան մեղսագրվող արարքի նկատմամբ նախաքննություն իրականացնող մարմին: Նույն օրը ՀՀ գլխավոր դատախազությունը, խախտելով անմեղության կանխավարկածը, ԶԼՄ-ներով հրապարակել է Տ.Փոստանջյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ հաղորդագրություն: 

Տիգրան Փոստանջյանն իր դեմ հարուցված քրեական գործի մասին տեղեկացել է 18.02.2011 թվականին ինտերնետային հրապարակումից: Նույն օրը Տիգրան Փոստանջյանին զանգահարել է անծանոթ մի քաղաքացի և հայտնել, որ` դատախազությունը կառավարության հետ միասին քրեական հետանդում են  ուզում նախաձեռնել` «գործ սարքել» կապված իր քրոջ   գործունեության հետ: Հինգ օր անց Տ.Փոստանջյանը ձերբակալվել է, երեք օր պահվել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ժամանակավոր պահման մեկուսարանում,  չորս օր`  նույն շենքում գտնվող «Երևան-Կենտրոն»  քրեակատարողական հիմնարկում, այնուհետև տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Տ.Փոստանջյանն ազատազրկման է ենթարկվել առանց դրա համար պատշաճ հիմնավորման առկայության: Հաշվի չի առնվել այն, որ Տ.Փոստանջյանը, պատահականորեն իմանալով քրեական գործի հարուցման մասին,  անձամբ է ներկայացել հարցաքննության և որ նա իր խնամքի տակ ունի երկու մանկահասակ երեխա: Անտեսվել են նրա համար ներկայացված գրավի միջնորդությունն ու ԱԺ պատգամավորների կողմից տրված երաշխավորագրերը: Տ.Փոստանջյանի ձերբակալումից երկու ամիս անց դատարանն ընդունել է որոշում կալանքը թողել անփոփոխ` առանց նշելու որևէ ժամկետ: Նրա կալանավայրում գտնվելու ընթացքում բազմիցս ապօրինի կերպով արգելվել են նրա տեսակցությունները հարազատների ու ԱԺ պատգամավորների հետ: Նրա նկատմամբ ձերբակալման առաջին օրվանից կիրառվել են հոգեբանական տարբեր ճնշումներ,  դրսևորվել է անմարդկային և նվաստացնող վերաբերմունք: Այս ամենի դեմ իր բողոքն արտահայտելու համար Տ.Փոստանջյանը 2011 թվականի մայիսի 11-ից ի վեր գտնվում է հացադուլի մեջ:

Տիգրան Փոստանջյանին մինչ օրս կալանքի տակ պահելով` Հայաստանի Հանրապետությունը խախտում է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը: Ինչպես նշել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր մի շարք վճիռներում` այն հանգամանքը, որ ներպետական դատարանի կողմից չի սահմանվում այն ժամկետը, որով երկարացվում է մեղադրյալին կալանքի տակ պահելը, անձին դնում է անորոշ վիճակի մեջ և հանդիսանում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված` օրինականության սկզբունքի խախտում (տես Բելեվիցկին ընդդեմ ՌԴ գործով վճիռը): Տ.Փոստանջյանին անմարդկային և անձը նվաստացնող պայմաններում պահելը խախտում է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը (տես Կալաշնիկովն ընդդեմ ՌԴ-ի վճիռը):

Կոչ ենք անում միջազգային կառույցներին միջնորդել ՀՀ իշխանություններին` դադարեցնելու Տիգրան Փոստանջյանի նկատմամբ իրականացվող անօրինականությունները և ձեռնպահ մնալ ընդդիմադիր գործունեություն իրականացնող անհատների կամ նրանց հարազատների նկատմամբ բռնաճնշումներ կիրառելուց:

1.   Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

2.   Թրասփարենսի Ինթերնեյշնլ

3.   Քաղաքացիական ազգային նախաձեռնություն

4.   Փաստաբաններ մարդու իրավունքների համար

5.   Ընդդեմ իրավական կամայականությունների

6.   Հելսինկյան ասամբլեայի վանաձորի գրասենյակ

7.   Հայաստանի հելսինկյան կոմիտե

8.   Երիտասարդություն հանուն ժողովրդավարության

9.   «Զարթոնք-89» ՀԿ

10. Հույս ՀԿ

11. Ուխտ Արարատի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter