Մինչև 2023թ սեպտեմբերի 1-ը EAC նշանն ու մակնշումը կարելի է փակցնել ներմուծումից հետո
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը որոշում է ընդունել պարզեցնել մակնշման կանոններն ու հնարավորություն տալ ապրանքների վրա EAC նշանն ու մակնշումը՝ բաղադրությունը, պիտանելիության ժամկետը, արտադրողի մասին տեղեկությունը և այլն, փակցնել ներմուծումից և մաքսային ընթացակարգերն անցնելուց հետո։
Մակնշումը, սակայն, ապրանքների վրա պետք է արվի՝ նախքան դրանք սպառողին վաճառելը:
Մակնշման այս պարզեցումը կիրառվելու է մինչև 2023 թվականի սեպտեմբերի 1-ը։
EAC նշանը (Եվրասիական համապատասխանություն, Eurasian Conformity) վկայում է, որ տվյալ ապրանքն անցել է անհրաժեշտ ստուգումները, hամապատասխանում է իր համար սահմանված տեխնիկական կանոնակարգերի պահանջներին ու կարող է հայտնվել շուկայում։
Սննդամթերքի դեպքում այս նշանի դերն էլ ավելի է կարևորվում, քանի որ փաստում է` այն անվտանգ է, փորձաքննվել է համապատասխանում է անվտանգության սահմանված նորմերին։
EAC-ի նշանի պարտադիր լինելու մասին որոշումն ընդունվել է դեռևս 2011թ օոգոստոսի 16-ին՝ «Փաթեթվածքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 005/2011), ինչպես նաև՝ «Պարենային ապրանքներն իրենց պիտակավորման մասով» (ՄՄ ՏԿ 022/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում։
Որոշումն ընդունվել է ԵԱՏՄ երկրների տնտեսությունների կայունության բարելավման, այդ թվում՝ մակրոտնտեսական կայունությունն ապահովելու միջոցառումների ցանկի շրջանակներում, որը հաստատվել է Հանձնաժողովի խորհրդի 2022թ. մարտի 17-ի N 12 հրամանով։
Այս միջոցառումը, ըստ ԵՏՀ-ի, առավելապես կօգնի տնտեսական պատժամիջոցների տակ հայտնված ԵԱՏՄ երկրներին իրենց ներքին շուկայում ապրանքների կայուն մատակարարումն ապահովելու համար։
Նաև ԵՏՀ Խորհրդի որոշման հիման վրա` մինչև 2023թ. սեպտեմբերի 1-ը ԵԱՏՄ երկրների կառավարությունները կարող են սահմանել ԵՏՀ Խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 12-ի N 130 որոշման կիրառման առանձնահատկությունները՝ մաքսային ընթացակարգերի ժամանակ ապրանքի համապատասխանության գնահատման փաստաթղթերը մաքսային մարմիններ ներկայացնելու կարգը և դեպքերը որոշելու մասով։
Սակայն ԵԱՏՄ տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա ապրանքների ներմուծման մասով սահմանված ազգային առանձնահատկությունները չեն կարող բացառել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանելու պարտավորությունը։
Մեկնաբանել