HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պայթյուն Ղրիմի կամրջի վրա. այն մասնակի փլուզվել է

Հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի վրա պայթյուն է տեղի ունեցել։ Ղրիմի երկաթուղու մամուլի ծառայությունը հայտնել է, որ «առավոտյան 06:05 սարքավորումները Կերչի նեղուցով երկաթուղային անցման երկաթուղային հատվածի վրա ցույց են տվել կեղծ զբաղվածություն»։ Մամուլի ծառայության պնդմամբ՝ բեռնատար կազմի պոչում այրվել է վառելիքով ցիստեռնը։ Ցիստեռնի այրման մասին հայտնել է նաև Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը։ Նրա խոսքով՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան։

 

Տեղի ունեցածում Ղրիմի իշխանությունները մեղադրում են ուկրաինական կողմին։ Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը հայտարարել է, որ Ղրիմի կամուրջը «վնասել են ուկրաինացի վանդալները»։ Ուկրաինացի պաշտոնյաները դեռևս իրենց վրա չեն վերցրել կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. «Ղրիմ, կամուրջ, սկիզբ։ Ամեն անօրինական բան պետք է քանդվի, ամեն գողացված բան պետք է վերադարձվի Ուկրաինային, ռուսական ամեն բռնազավթողական բան՝ արտաքսվի»։

Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեն իր հերթին РБК-ին հայտնել է, որ կամրջին տեղի է ունեցել «բեռնատար ավտոմեքենայի պայթեցում», որի հետևանքով այրվել են բեռնատար գնացքի 7 ցիստեռները։ ՌԴ քննչական կոմիտեն հայտարարել է Ղրիմի կամրջի վրա բեռնատարի պայթեցման փաստով քրեական գործի հարուցման մասին, սակայն չի նշել, թե ՔՕ որ հոդվածով է այն հարուցվել։

Պայթյունի հետևանքով փլուզվել է ավտոմոբիլային կամրջի մի մասը։ Ջրում է հայտնվել ճանապարհի մի քանի հատված։ Կամրջի վրա երթևեկությունը դադարեցվել է։

Կոնստանտինովը նաև հայտարարել է, որ իշխանությունները խոստանում են արագ վերականգնել Ղրիմի կամուրջը։ Նրա պնդմամբ՝ փլուզումը «չունի բարդ բնույթ»։ Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովն ավելի զգուշավոր է եղել՝ հայտարարելով, որ վնասվածքի մասշտաբները և կամրջի վերականգնման ժամկետները հնարավոր կլինի գնահատել միայն այն բանից հետո, երբ մարվի հրդեհը։ 

Ուկրաինական իշխանությունների ներկայացուցիչները բազմիցս նշել էին, որ Ղրիմի կամրջին կարող են մի քանի հարվածներ հասցվել։ Այսպես, օգոստոսին նույն Միխայիլ Պոդոլյակն ասել էր, որ ուկրիանական իշխանությունները Ղրիմի կամուրջը համարում են օրինական ռազմական թիրախ, քանի որ դա թերակղզում գտնվող ռուսական բանակի սնուցման հիմնական ճանապարհն է։

Ուկրաինայի զինված ուժերի գեներալ-մայոր Դմիտրի Մարչենկոն էլ դեռ հունիսին նշել էր, որ Ղրիմի կամուրջը ուկրաինական զինվորականների համար կդառնա «խոցման թիվ մեկ թիրախը», հենց որ նրանք ստանան հարված հասցնելու տեխնիկական հնարավորություն։ 

Ղրիմն ու Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասը 2014 թվականին թերակղզու բռնակցումից հետո սկսել էին կամրջի շինարարությունը։ Այն գնահատվել էր 228 միլիարդ ռուբլի։ 2018 թվականի մայիսին կամրջի վրա բացվել էր ավտոմոբիլային երթևեկությունը, իսկ 2019 թվականի դեկտեմբերից կամրջով սկսել էին անցնել նաև գնացքները։

Լուսանկարը՝ VK-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter