Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետո է կիրառել ուկրաինական տարածքների՝ ՌԴ-ին միավորումը չճանաչող բանաձևի նախագծին
Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետո է կիրառել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժյեի մարզերում «հանրաքվեների» դատապարտման բանաձևի նախագծի վրա։ Այդ մասին գրում է CNN-ը։
Նախաձեռնության հեղինակները ԱՄՆ-ն և Ալբանիան էին։ Փաստաթղթով նախատեսվում էր քննադատել «այսպես կոչված անօրինական հանրաքվեների» կազմակերպումը և ընդգծել, որ դրանք չունեն իրավական ուժ, ինչպես նաև ՌԴ-ին կոչ անել իր զորքերը դուրս բելեր Ուկրաինայի տարածքից։
Ռուսաստանից զատ որևէ երկիր դեմ չի քվեարկել փաստաթղթին։ 10 երկիր իր աջակցությունն էր հայտնել նախագծին, ևս չորսը՝ ձեռնպահ մնացել, այդ թվում Չինաստանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժյեի մարզերի «Ռուսաստանի կազմին միանալու» պայմանագրերը։ Սպասվում է, որ այն մի քանի օրվա ընթացքում պաշտոնապես կհաստատվի ՌԴ Սահմանադրական դատարանի և Դաշնային խորհրդի կողմից համապատասխան օրենքներով։
Արևմտյան երկրները և ոչ միայն չեն ճանաչում ուկրաինական տարածքների բռնակցումը Ռուսաստանին՝ պնդելով, որ այդ «հանրաքվեները» տեղի են ունեցել ուժի և սպառնալիքների ազդեցության տակ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դատապարտում է Ուկրաինայի ինքնիշխան տարածքը բռնակցելու Ռուսաստանի «նենգ փորձը»։ «Մի խաբվեք. այս գործողությունները լեգիտիմություն չունեն: Միացյալ Նահանգները միշտ հարգելու է Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմանները։ Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինայի ջանքերին՝ վերականգնելու վերահսկողությունը իր տարածքի վրա՝ ուժեղացնելով նրան ռազմական և դիվանագիտական ճանապարհով, այդ թվում՝ 1,1 միլիարդ դոլարի լրացուցիչ անվտանգության ապահովման միջոցով, որն ԱՄՆ-ն հայտարարեց այս շաբաթ»,- ասվում էր նախագահ Բայդենի հայտարարությունում։
Լուսանկարը՝ Shannon Stapleton/Reuters
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել