HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

ՊՆ-ի բյուջեն 2023 թվականին կաճի 46.4%-ով

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը Կառավարության հերթական նիստի ժամանակ զեկուցեց «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի մասին։ Նա նշեց, որ 2023 թվականի պետական բյուջեն հիմնված է Կառավարության գործունեության ծրագրի նպատակների և առաջնահերթությունների վրա։

Նախարարի խոսքով՝ բյուջեում առաջնահերթորեն տեղ են գտել այն ծրագրերն ու միջոցառումները, որոնք առավել մեծ ազդեցություն ունեն Կառավարության գործունեության ծրագրով սահմանված նպատակների իրագործման վրա։

Կառավարության 2021-2026 թթ․ գործունեության ծրագիրը թիրախավորել է երկարատև բարձր տնտեսական աճի ապահովումը՝ տարեկան առնվազն 7 տոկոս չափով, և այդպիսին է նաև 2023 թվականի համար սահմանված նպատակը։ Նա նշեց, որ ներկա տնտեսական զարգացումները հուշում են, որ 2022 թվականը կամփոփենք 11-12 տոկոս տնտեսական աճով։ Նախարարի խոսքով՝ մեծ ուշադրության են արժանացել տնտեսական և անվտանգային ուղղությունները։

Ինչպես տեղեկանում ենք 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծից, Պաշտպանության նախարարությունը 2023 թվականին ծախսերը նախատեսում է իրականացնել հինգ ծրագրերի շրջանակներում, որոնց գծով պետական բյուջեի նախագծով նախատեսվում է 505 մլրդ 797.4 մլն դրամ։ Նշվում է, որ ծախսերի աճը ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նկատմամբ կկազմի 160 մլրդ 301.9 մլն դրամ կամ 46.4%, որն ուղղվելու է ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ֆինանսավորմանը:

ՀՀ պաշտպանության ապահովում ծրագիրը հանդիսանում է Պաշտպանության նախարարության համակարգի գործունեությունն ապահովող հիմնական ծրագիր, որի շրջանակներում նախատեսվում են Զինված ուժերի պահպանման, ռազմական, մարտական տեխնիկայի, տրանսպորտային միջոցների, կապի համակարգի սարքավորումների, զորանոցային և տեխնիկական գույքի, պարենի, հանդերձանքի, վառելիքա-քսուքային նյութերի սահմանված պաշարների մակարդակի, զենքի և զինամթերքի հնարավոր ներհանրապետական գնումների, բանակի մարտունակության և կենսապահովման պահանջների բավարարման ծախսերը:

2023 թվականի պետական բյուջեի նախագծով վերոնշյալ ծրագրով նախատեսվել է 501 մլրդ 285.9 մլն դրամ` ՀՀ 2022 թվականի պետական բյուջեից 160 մլրդ 716.6 մլն դրամով կամ 47.2%-ով ավել:

Ռազմաբժշկական սպասարկում և առողջապահական ծառայություններ ծրագրի գծով ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 2 մլրդ 512 մլն դրամ, որի շրջանակներում 12 ռազմաբժշկական հաստատություններում (որից 2 կենտրոնական հոսպիտալներ, 6 կայազորային հոսպիտալներ և 3 առանձին բժշկական ջոկատներ, 1 կենտրոնական պոլիկլինիկա), 2 մասնագիտացված, 60 գնդային, 31 առանձին գումարտակային և գնդերի շուրջ 75 գումարտակային բուժկետերում կազմակերպվում է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների առաջնային և մասնագիտացված բուժօգության ծառայությունները, զինված ուժերում համաճարակային անվտանգությունը ապահովելու և վարակիչ հիվանդությունների ներթափանցումը կանխելու նպատակով կազմակերպվելու է 16.9 տոննա բժշկական թափոնների ոչնչացման աշխատանքները, նախատեսվում է սպասարկման և ընթացիկ վերանորոգման ենթարկել 55 հատուկ բժշկական սարքերի, սարքավորումներ:

«Հոսպիտալների և բուժկետերի բժշկական սարքավորումներով համալրում» միջոցառման շրջանակներում 1 մլրդ 129.8 մլն դրամ միջոցները կուղղվեն կենտրոնական և կայազորային զինվորական հոսպիտալները ԷՕՊ սարքի, նարկոզի, արհեստական շնչառության, ԷԷԳ, լապարասկոպ, ատամնաբուժության համար նախատեսված արդիական բժշկական սարքավորումներով համալրմանը:

Ռազմական ուսուցում և վերապատրաստում ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ուսուցում արտերկրների ռազմական ուսումնական հաստատություններում և ակադեմիաներում: ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվել է մոտ 1 մլրդ դրամ:

Միջազգային ռազմական համագործակցություն ծրագրով 2023 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 755.2 մլն դրամ, որի շրջանակներում կիրականացվի օտարերկրյա պետություններում ՀՀ ռազմական կցորդների և միջազգային կազմակերպություններում (ՄԱԿ, ԵԱՀԿ, ՀԱՊԿ, ՆԱՏՕ) ռազմաքաղաքական և ռազմական ներկայացուցիչների պահպանման ծախսերի ֆինանսավորումը: Ծախսերը ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նկատմամբ նվազել են 188.9 մլն դրամով, պայմանավորված ՀՀ դրամի նկատմամբ արտարժույթի փոխարժեքի փոփոխությամբ:

Հումանիտար ականազերծման և փորձագիտական ծառայություններ ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հակաականային գործողությունների ենթակա տարածքի հետազննում, քարտեզագրում, նախատեսվող ծավալի աշխատանքների հստակեցում և իրականացվող միջոցառումներ: 2023 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 215.3 մլն դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter