Ալբանիան խզում է դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Ալբանիան որոշել է խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ալբանիայի վարչապետ Էդի Ռամային։
«Նախարարների խորհուրդը որոշում է կայացրել Իրանի Իսլամական Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերությունների խզման օգտին, այն ուժի մեջ է մտնում անհապաղ»,- նշվում է վարչապետի հայտարարության մեջ, որը հրապարակված է կառավարության կայքէջում։
Ալբանական կողմի հաղորդմամբ՝ Իրանի դեսպանությանն ուղարկվել է պաշտոնական ծանուցում այն մասին, որ բոլոր դիվանագետները և դիվանագիտական ներկայացուցչության բոլոր աշխատակիցները երկրի տարածքը պետք է լքեն 24 ժամվա ընթացքում։
Նման որոշման պատճառ պաշտոնական Տիրանան նշում է կառավարական համակարգչային համակարգերի նկատմամբ կիբերհարձակումները, որի մեղքը Տիրանան դրել է Թեհրանի վրա։ «Խորը հետաքննությունը մեզ անառարկելի ապացույցներ է տվել, որ մեր երկրի վրա կիբերհարձակումները կազմակերպվել և հովանավորվել են Իրանի Իսլամական Հանրապետության կողմից»,- նշվում է Ալբանիայի վարչապետի հայտարարության մեջ։
Ընդ որում, ալբանական կողմը պնդում է, որ հարձակումները եղել են այս տարվա հուլիսի 15-ին։
Պաշտոնական Թեհրանը դեռևս չի արձագանքել Ալբանիայի այս որոշմանը։
Լուսանկարը՝ REUTERS/Florion Goga
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել