Մահափորձ Արգենտինայի փոխնախագահ Քրիստինա Քիրշների նկատմամբ
Արգենտինայի փոխնախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշների վրա հարձակում է կատարվել սեփական տան մոտ իր աջակիցների ողջունելիս։ Associated Press գործակալության փոխանցմամբ՝ տղամարդն ատրճանակն ուղղել է նրա դեմքին և քաշել ձգանը, սակայն կրակոց տեղի չի ունեցել։
Մահափորձ կատարած անձը ձերբակալվել է։ Associated Press-ը գրում է, որ վերջինս Բրազիլիայի քաղաքացի Ֆերնանդու Անդրե Սաբագ Մոնտիելն է, որը նախկինում որևէ խնդիր չի ունեցել օրենքի հետ։ Նա կիրառել է արգենտինական Bersa ապրանքանիշի ատրճանակ։
El video del arma contra @CFKArgentina pic.twitter.com/8j1xpMnPoe
— Lautaro Maislin (@LautaroMaislin) September 2, 2022
Բրազիլացու մոտիվների մասին տեղեկատվություն չկա։
Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը հայտարարել է, որ ատրճանակը լիցքավորված է եղել հինգ պարկուճով, սակայն խափանվել է և չի կրակել։ Ֆերնանդեսը հարձակումն անվանել է 1983 թվականին Արգենտինայում «ժողովրդավարության վերականգնման պահից ի վեր ամենալուրջ պատահարը»։
69-ամյա Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները Արգենտինայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2007-2015 թվականներին։ Նա մեղադրվում է կոռուպցիայի գործով։ Associated Press-ի փոխանցմամբ՝դե Քիրշների աջակիցները հսկում են նրա տունն այն պահից, երբ նախորդ շաբաթ դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացությունը՝ պահանջելով 12 տարի ազատազրկում և պետական պաշտոնների զբաղեցման ցմահ արգելք։ Քաղաքական գործիչն ամեն օր տնից դուրս գալիս և տուն վերադառնալիս ողջունում էր աջակիցներին և ստորագրություններ բաժանում։ Գործակալությունը նշում է, որ նախկինում նրա տան մոտ շատ ոստիկաններ կային, սակայն նրանց թիվը կրճատվել էր Քիրշների աջակիցների հետ բախումներից հետո։
Լուսանկարը՝ nazstrength.info-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել