Հաջիևի կարծիքով՝ եռակողմ հանդիպման ժամանակ կմեկնարկի խաղաղության համաձայնագրի նախապատրաստման գործընթացը
Ադրբեջանը հույս ունի, որ օգոստոսի 31-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպման ժամանակ կհամաձայնեցվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի նախապատրաստման աշխատանքային խմբի ստեղծումը։ Այդ մասին APA գործակալության փոխանցմամբ Շուշիում այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Մենք հույս ունենք, որ այդ հանդիպման ժամանակ կհամաձայնեցվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի նախապատրաստման աշխատանքային խմբի ստեղծումը»,- ասել է Հաջիևը և հավելել, որ ադրբեջանական կողմի կարծիքով՝ Հայաստանի կողմից վարանումներ կան այս գործընթացի շուրջ։
Հաջիևը ևս նշել է, որ Բրյուսելում երկու երկրների առաջնորդների հանդիպումից մեկ օր առաջ Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները։ «Նրանք կքննարկեն տրանսպորտի և սահմանազատման հարցերը»,- նշել է ադրբեջանցի պաշտոնյան։
Հաջիևի փոխանցմամբ՝ ներկայումս Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն ընթանում են հիմնականում սահմանների սահմանազատման, մարդասիրական, տրանսպորտային-հաղորդակցային խնդիրների և խաղաղության համաձայնագրի մշակման շուրջ։
Հաջիևի հայտարարությանն արդեն իսկ անդրադարձել են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ «Բրյուսելում օգոստոսի 31-ին նախատեսված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ կտարածվի համապատասխան հաղորդագրություն»,- այդ մասին Արմենպրեսին հայտնել էին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վերջին շրջանում Եվրամիության մայրաքաղաքը դարձել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հիմնական վայրը։ Դեռ մի քանի օր առաջ հայտնի էր դարձել, որ օգոստոսի 31-ին Բրյուսելում, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, կհանդիպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Վերջին անգամ նրանք հանդիպել էին այս տարվա մայիսի 22-ին դարձյալ Բրյուսելում և պայմանավորվել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի համար ստեղծել երկկողմ աշխատանքային խմբեր, ինչպես նաև հանձնարարել երկու երկրների արտաքին գործերի նախարարներին սկսել խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել