HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լատվիայի Սեյմը Ռուսաստանը ճանաչել է ահաբեկչությունը հովանավորող երկիր

Լատվիայի խորհրդարանը (Սեյմ) Ռուսաստանը ճանաչել է ահաբեկչությունը հովանավորող երկիր։ Այդ մասին նշվում է լատվիական խորհրդարանի պաշտոնական կայքում։ 

Հայտարարության օգտին 100 խորհրդարանականից կողմ է քվեարկել 67-ը։ Պատգամավորները Եվրամիությանը կոչ են արել անմիջապես սահմանափակել ռուսաստանցիներին և բելառուսցիներին մուտքի վիզայի տրամադրումը, ինչպես նաև՝ դադարեցնել նրանց զբոսաշրջային վիզաների գործողությունը։

«Քաղաքական գործիչներին կոչ են անում ուժեղացնել ռազմական, ֆինանսական, մարդասիրական և դիվանագիտական աջակցությունն Ուկրաինային և աջակցել նախաձեռնություններին, որոնք քննադատում են Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունները և կոչ անում պատասխանատվության ենթարկել մեղավորներին, մեկուսացնել Ռուսաստանին միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններից ու համարժեք պատժամիջոցներ սահմանել Բելառուսի դեմ՝ ռուսական ռազմական ագրեսիային աջակցելու համար»,- հայտարարել է Լատվիայի խորհրդարանը։

Հայտարարության տեքստում նշվում է, որ երկար տարիներ Ռուսաստանն աջակցել և ֆինանսավորել է «ահաբեկչական վարչակարգերին և կազմակերպություններին»։

«Ուկրաինայում Ռուսաստանն ընտրել է համանման դաժան, ոչ բարոյական և անօրինական մարտավարություն՝ օգտագործելով ոչ ճշգրիտ և միջազգային մակարդակով արգելված զենք ու սպառազինություն՝ անհամաչափ դաժանությամբ հարվածներ հասցնելով քաղաքացիական անձանց ու հանրային վայրերին։ Իր անօրինական, ագրեսիվ պատերազմի նպատակներին հասնելու համար Ռուսաստանն, այդպիսով, ձգտում է վախեցնել և բարոյալքել Ուկրաինայի ժողովրդին ու զինված ուժերին, կաթվածահար անել պետության գործունակությունը, որ բռնազավթի Ուկրաինան, այսինքն՝ Ռուսաստանն իրագործում է այդ բռնությունը քաղաքական նպատակներին հասնելու համար»,- հայտարարել են պատգամավորները։

Հայտարարության մեջ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները որակվել են «ուկրաինական ժողովրդի դեմ նպատակամիտված ցեղասպանություն»։

Լիտվայի խորհրդարանը դեռ մայիսի 10 -ին ընդունած բանաձեւով էր Ռուսաստանը ճանաչել «ահաբեկչությանն աջակցող և իրականացնող պետություն»։ Սեյմի պատգամավորները նաև կողմ էին հանդես եկել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի հետաքննության համար հատուկ միջազգային քրեական տրիբունալ ստեղծելու օգտին: Ուկրաինայում ՌԴ գործողությունները պաշտոնապես ցեղասպանություն են որակել Էստոնիայի, Լատվիայի և Կանադայի խորհրդարանները։

Լուսանկարը՝ storyblocks.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter