HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հյուսիսային Կորեան հայտարարել է կորոնավիրուսի ամբողջական հաղթահարման մասին. փորձագետները կասկածներ ունեն

Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են բոլոր քաղաքացիների ապաքինման մասին, որոնք երկրում կորոնավիրուսի համավարակի մեկնարկից հետո վարակվել էին COVID-19-ով։ Փորձագետները կասկածի տակ են դնում հաղթանակի մասին հյուսիսկորեական պաշտոնյաների հայտարարությունները։

«Նախորդ շաբաթվա ընթացքում չի գրանցվել տենդի որևէ նոր դեպք (այդպես են Հյուսիսային Կորեայում անվանում կորոնավիրուսին- խմբ․)։ Բոլոր պացիենտները, որոնք բուժում էին ստանում ողջ երկրում, ապաքինվել են»,- BBC-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը։

Հյուսիսային Կորեան աշխարհի ամենափակ երկրներից մեկն է, որի վերաբերյալ տեղեկատվությունն անկախ աղբյուրներից ճշտելը բավականին բարդ է։ ԿԺԴՀ-ն ամենասկզբից հրաժարվել էր պատվաստանյութերից և բժշկական մյուս օգնությունից, իսկ այդ երկրում առողջապահական ամենավատ համակարգերից մեկն է։ «Դժվար է հավատալ որևէ երկրի, եթե այնտեղից ասում են, որ կորոնավիրուսով վարակված պացիենտների թիվը հանկարծ կրճատվել է մինչև զրոյի»,- AFP-ն մեջբերել է Հյուսիսային Կորեայի հարցերով փորձագետ Ան Չան-իլին։

Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերի մասին Փհենյանը հայտնել էր այս տարվա մայիսի սկզբին։ Այդ ժամանակ պաշտոնական գործակալությունը հայտարարել էր, որ երկրում հայտնաբերվել է նոր հիվանդության ավելի քան 18000 դեպք, 6 մարդ էլ մահացել էր։ Դրանից հետո Հյուսիսային Կորեայում մտցվել էր արտակարգ իրավիճակի առավելագույն ռեժիմ և հայտարարվել լոքդաուն։ 

Պետական լրատվամիջոցների տվյալներով՝ ընդհանուր առմամբ այս տարվա ապրիլի սկզբից այդ երկրում գրանցվել է ավելի քան 4,5 միլիոն պացիենտ, որոնց մոտ ախտորոշվել է «տենդ»։ Ըստ պետական լրատվամիջոցների՝ նրանք բոլորն ապաքինվել են, բացառությամբ մահացության 74 դեպքերի։ 

Եթե հավատանք պաշտոնական տվյալներին, ապա Հյուսիսային Կորեայում կորոնավիրուսից մահացության ամենացածր ցուցանիշն է (0,002 %): Բազմաթիվ փորձագետներ կասկածի տակ են դրել այս տեղեկատվությունը։ 

Սեուլում Հանյանգ համալսարանի բժշկական դպրոցի պրոֆեսոր Շին Յոն-Ջոն Reuters գործակալությանը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայում կորոնավիրուսից կարող է մահացած լինել մինչև 50 000 մարդ։

Հարավային Կորեայի վերամիավորման հարցերով նախարար Կվոն Յոն Սեն ևս կասկածի տակ է դրել Հյուսիսային Կորեայի հրապարակած այս տվյալները, սակայն հավելել, որ հյուսիսում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը որոշակիորեն գտնվում է վերահսկողության տակ։

Լուսանկարը՝ Newscom / Alamy Stock Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter