Եվրոպայի խորհուրդը հաստատել է 15 %-ով գազի սպառման ժամանակավոր կրճատումը
Եվրամիության երկրները, էներգիայի ճգնաժամի դեմ պայքարի շրջանակներում, հաստատել են 15 %-ով գազի սպառման ժամանակավոր կրճատումը։ Այդ մասին նշվում է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքէջում։
Պետությունները համաձայնել են կրճատել գազի սպառումը 15 տոկոսով՝ վերջին հինգ տարվա միջին սպառման համեմատ, 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2023 թվականի մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում: Այդուհանդերձ, գազի սպառման կրճատմանն ուղղված կոնկրետ քայլերը պետություններն ինքնուրույն կընտրեն։
Եվրոպայի խորհուրդը եկել է այն եզրահանգման, որ սպառման կրճատումը չպետք է անդրադառնա մի շարք կարևոր ճյուղերի վրա, ինչպես օրինակ, առողջապահության և պաշտպանության։ Հնարավոր միջոցների թվում են էլեկտրաէներգիայի ոլորտում գազի սպառման կրճատումը, արդյունաբերությունում վառելիքի մյուս տեսակներին անցման ուղղությամբ քարոզչությունը, ինչպես նաև դրանց վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացումը։
Նոր կանոնները ենթադրում են մի շարք բացառություններ։ Այսպես, գազի սպառման պարտադիր կրճատումից ազատվում են ԵՄ անդամ այն երկրները, որոնք գազային ցանցերով միացած չեն մյուս երկրներին։ Անդամ երկրները, որոնց էլեկտրացանցերը սինխրոնացված չեն եվրոպական էլեկտրաէներգետիկ համակարգի հետ և մեծամասամբ գազից կախված են էլեկտրաէներգիայի արտադրության համար, ևս կազատվեն գազի սպառման կրճատումից՝ երրորդ երկրի ցանցի հետ դեսինխրոնիզացման դեպքում։
Հիշեցնենք, որ նման որոշման Եվրամիության երկրները հանգել էին այս տարվա հուլիսի 26-ին։ Bloomberg գործակալությունը նշում է, որ այս միջոցը պետք է օգնի Ռուսաստանի գազի մատակարարումների հետ կապված խնդիրների ֆոնին։ Եվրոպական հանձնաժողովը նաև մտահոգություններ ունի, որ Մոսկվան կարող է ամբողջությամբ դադարեցնել այդ մատակարարումները։
Լուսանկարը՝ Financial Times-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել