HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀԿ. ստեղծված իրավիճակից միակ ելքը գործող իշխանությունների անհապաղ հրաժարականն է

ՀՀԿ գորրծադիր մարմինը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Արցախում ադրբեջանական սադրանքների պատճառներին և նշել, որ ստեղծված իրավիճակից միակ ելքը գործող իշխանությունների անհապաղ հրաժարականն է: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

«Հայաստանի և Արցախի շուրջ վերջին զարգացումները կրկին ապացուցում են, որ այսպես կոչված «խաղաղության դարաշրջանը» հերթական մանիպուլատիվ փուչիկն էր, որ հրամցվում էր հայ ժողովրդին:

Այս էլ որերրորդ անգամ ակնհայտ է դառնում Հայաստանի գործող վարչակազմի վարած արտաքին քաղաքականության ողջ սնանկությունը` խարսխված արկածախնդրության, անպատասխանատվության և հայրենադավության վրա:

Դատապարտելի է այն փաստը, որ Ռուսաստանի Դաշնության, Եվրոպական միության և այլ միջազգային դերակատարների կողմից իրականացված բոլոր միջնորդական ջանքերն այս կառավարիչների անմեղսունակության արդյունքում չեն բերել Արցախում և Հայաստանում իրավիճակի կայունացմանը, ռազմական գործողություններից զերծ մնալուն և խաղաղ բնակչությանը սպառնացող վտանգների չեզոքացմանը: Կրկնակի պարսավելի է, որ հայ ժողովուրդն իրականում տեղեկացված չէ այն անդրկուլիսյան պայմանավորվածությունների մասին, որ իր թիկունքում ձեռք են բերել ՀՀ կառավարության կապիտուլյանտ ղեկավարն ու նրա վարչախումբը: 

Հայաստանի «ժողովրդավարական բարեփոխումները» գովերգող միջազգային դերակատարները ցանկություն չունեն զսպելու ադրբեջանական ագրեսիայի դրսևորումները, իսկ ռազմավարական դաշնակցի հետ խառնիճաղանջ հարաբերությունները, որոնք սկիզբ են առել 2018-ի իշխանազավթումից հետո, նպաստել և նպաստում են ստեղծված իրավիճակին:

Ադրբեջանական վայրագությունների հերթական առիթ հանդիսացող խնդիրը, այն է՝ Բերձորի միջանցքի հարցը, Հայաստանի իշխանությունների ապիկար, հայրենադավ քաղաքականության ապացույցներից մեկն է: Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կողմերը պարտավորվել էին 3 տարվա ընթացքում ընդամենը նախագծել Բերձորի միջանցքով անցնող նոր ճանապարհ և ոչ թե այդ միջանցքից աշխարհագրորեն դուրս գտնվող երթուղու կառուցման պարտավորություն ստանձնել:

Հարց է առաջանում. ո՞ւմ հավանությամբ է Հայաստանի իշխանությունների լուռ համաձայնությամբ ամիսներ շարունակ կառուցվել այդ երթուղու մի հատվածը:

Ամեն գնով խաղաղություն մուրացող կապիտուլյանտների իշխանությունը, տեղի ունեցածի վրա տևական ժամանակ աչք փակելուց հետո, հանկարծ որոշել է ձայն հանել, և այդ ուշացած արձագանքը ոչ ոքի այլևս հետաքրքիր չէ:

Ստեղծված իրավիճակը ոչ միայն 2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետևանքն է, այլև գործող դավադիր իշխանությունների վերարտադրմանն ուղղված ջանքերի, որոնք կիզակետին են հասել 2021թ.-ի հունիսի 20-ի ընտրություններին:

Պարտվողական քաղաքականության ակնբախ դրսևորում են Հայկական բանակի մարտունակության վերականգնման ուղղությամբ հանցավոր անգործությունը, Արցախի անվտանգության երաշխավորի կարգավիճակից հրաժարվելը, Արցախի զինաթափմանն ուղղված քայլերը, որոնք իրականացվում են Ադրբեջանի ռազմատենչ գործողություններին և հայտարարություններին զուգահեռ։

«Արցախը հանձնենք, որ լավ ապրենք» դավաճանական աշխարհայացքը բերեց հերթական կորուստների, կրկին ապացուցելով, որ «Արցախը հանձնենք, չենք ապրի» մոտեցումն է իրականում հայ ժողովրդի անվտանգության գրավականը։

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր վշտակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին, ընտանիքներին, բարեկամներին, առողջություն մաղթում վերջին մարտերի ընթացքում վիրավորումներ ստացած մեր հայրենակիցներին:

Ստեղծված իրավիճակից միակ ելքը գործող իշխանությունների անհապաղ հրաժարականն է, ինչը թույլ կտա զրոյացնել հայ ժողովրդի թիկունքում տրված բոլոր խոստումները, վերսկսել բանակցային գործընթացը` վերահաստատելով Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը ռազմավարական դաշնակցի և գործընկերների մոտ»- ասված է հայտարարությունում:

Մեկնաբանություններ (1)

Hagop K
Thank you. Perfect… You hit the nail on the head.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter