
2,4 մլրդ դրամ՝ խմելու ջրի ցանցերի և մաքրիչ կայանների վերանորոգման համար
Կառավարությունը 2,4 մլրդ դրամ կհատկացնի Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի 27 բնակավայրում խմելու ջրի մատակարարման ցանցերի, մաքրիչ կայանների վերականգնման կամ ամբողջովին նորը կառուցելու համար։ Որոշումն ընդունվեց գործադիրի հուլիսի 21-ի նիստում։
Ծրագիրը նախատեսված է 2022-2024 թթ․ համար։ Ընդհանուր առմամբ, կհատկացվի 6 մլրդ 200 մլն դրամ։
Այս որոշմամբ կտրամադրվի 2 մլրդ 468 մլն դրամ շինարարական աշխատանքները սկսելու համար։
Ինչպես տեղեկացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, 6,2 մլրդ-ից շուջ 2 մլրդ-ը ծախսվելու է ՄԵղրիում և Ագարակում ջրի մաքրման կայաններ կառուցելու համար։
«Ագարակի մաքրման կայանը կառուցվել է 1960-ականներին, ոչ միայն վիճակը նորմալ չէ, այլև հզորությունը չի բավարարում։ Ամբողջովին նոր կայան կկառուցվի»,- ասաց նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ քննարկման ժամանակ նշեց, որ ջրի մատակարարման համակարգը մաշված է․ «Ջուրը խողովակով գնալու փոխարեն լցվում է հողի մեջ, տեղ չի հասնում, բաց թողնված վայրից 100 լիտրից նշանակության կետ հասնում է երբեմն 40-ը, 30-ը կամ 20-ը, և ջուրը սպառողներին չի հասնում»,- հայտնեց Փաշինյանը։
Ծրագրերը կիրականացնի Տարածքային զարգացման հիմնադրամը, իսկ ծրագրի պատասխանատուն և իրակավական կողմը, համաձայնագրեր կնքողը կլինի Ջրային կոմիտեն։
Բնակավայրերը հետևյալն են՝
- Արարատի մարզ՝ Արտաշատ և Մասիս քաղաքներ, Ազատավան, Բերդիկ, Բուրաստան, Շահումյան, Ոստան, Վերին Արտաշատ, Վերին Դվին, Նեքին Դվին, Նոր ուղի, Նոր կյանք, Փոքր Վեդի, Ղուկասավան, Նոր Կյուրին, Սիսավան, Արալեզ, Արբաթ, Խաչփառ, Մխչյան,
- Գեղարքունիքում՝ Ներքին Գետաշեն, Վարսեր, Վահան, Կարմիր գյուղ, Սարուխան,
- Սյունիքի մարզ՝ Մեղրի և Ագարակ։
Մեկնաբանել