
Սեդա Սաֆարյանը՝ ՍԴ դատավորի թեկնածու
Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Կառավարությունը կառաջադրի փաստաբան, Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի թեկնածությունը:
Որոշումն ընդունվեց Կառավարության հունիսի 30-ի հերթական նիստում։
Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը հայտնեց, որ մայիսի 31-ին վարչապետի աշխատակազմը ՍԴ նախագահից գրություն է ստացել, համաձայն որի՝ ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է դեկտեմբերի 10-ին։
Ըստ Սահմանադրության՝ ՍԴ 9 դատավորներից 3-ն ընտրվում են նախագահի, 3-ը՝ Կառավարության, 3-ը՝ Դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ։
«Առաջադրումները հաջորդաբար կատարում են Կառավարությունը, նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը, ներկայում առաջադրման հերթը Կառավարությանն է»,- ասաց փոխնախարարը։
Կառավարության նիստին ներկա էր նաև ՍԴ դատավորի թեկնածուն։ Սեդա Սաֆարյանը նախ շնորհակալություն հայտնեց վստահության համար։ «Կարծում եմ, որ իմ անմիջական մասնակցությունը սահմանադրական արդարադատության իրականացմանը կստացվի, և դուք չեք զղջա ինձ այդ բարձր պաշտոնի թեկնածու առաջադրելու համար»,- ասաց Սաֆարյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ քննարկման ժամանակ հայտնեց, որ առաջադրելիս քննարկումներ են ունեցել խորհրդարանական գործընկերների հետ, հարցը նաև «Քաղաքացիական պայմանագրի» վարչությունում է քննարկվել։
«Կարող ենք արձանագրել, որ քաղաքական որոշում է կայացվել, ինչն այս դեպքում տրամաբանական է»,- ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ ՍԴ դատավորի ընտրությունը տեղի կունենա Ազգային ժողովում։
Մեկնաբանել