
Աշխատավարձային ֆոնդը 2018 թվականից ի վեր 65 տոկոսով ավելացել է․ Նիկոլ Փաշինյան
2022-ի մայիսին Հայաստանում գրանցված վճարովի աշխատատեղերի բացարձակ ռեկորդ է արձանագրվել։ Այս մասին Կառավարության հունիսի 23-ի հերթական նիստին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2022-ի մայիսին Հայաստանում արձանագրվել է 673 224 վճարովի աշխատատեղ։ Հաշվառում ենք միայն այն աշխատատեղերը, որոնց համար վճարվել է աշխատավարձ և եկամտային հարկ։ 2022 թվականի մայիսին 2021 թվականի մայիսի համեմատ մեր աշխատատեղերն ավելի են 38 273-ով կամ 6 տոկոսով, և 2019 թվականի մայիսի նկատմամբ ավելի են 72 359-ով կամ 12 տոկոսով, իսկ 2018 թվականի մայիսի նկատմամբ՝ 125 235 աշխատատեղով։ Այսինքն՝ 2018 թվականի մայիսից ի վեր Հայաստանում ստեղծվել է ավելի քան 125 000 աշխատատեղ»,- նշեց Փաշինյանը։
Վճարված աշխատավարձային ֆոնդը մայիսին կազմել է 160 մլրդ 56 մլն դրամ, ինչն, ըստ վարչապետի, կրկին ռեկորդային ցուցանիշ է մայիս ամիսների համար։
«Այս թիվը մայիսների համեմատ ռեկորդային է, որը նախորդ տարվա մայիսի նկատմամբ ավելի է 4 մլրդ 531 մլն դրամով, իսկ 2018 թվականի մայիսի նկատմամբ ավելի է 63 մլրդ 369 մլն դրամով կամ 65 տոկոսով։ Այսինքն՝ աշխատավարձային ֆոնդը 2018 թվականից ի վեր 65 տոկոսով ավելացել է», - ասաց վարչապետը:
Եկամտային հարկի ընդհանուր գումարը մայիսին կազմել է 32 մլրդ 741 մլն դրամ, որը 2021 թվականի մայիսի նկատմամբ ավելի է 3 մլրդ 811 մլն դրամով, իսկ 2018 թվականի մայիսի նկատմամբ՝ 8 մլրդ 578 մլն դրամով։
Փաշինյանը հիշեցրեց՝ 2021 թ.-ի եկամտային հարկի հավաքագրումը 2020-ի նկատմամբ ավելի է եղել 29 մլրդ դրամով, 2019-ի նկատմամբ՝ 36 մլրդ դրամով, 2018-ի նկատմամբ՝ 97 մլրդ դրամով։
Գործադիրի ղեկավարը նաև նշեց, որ 2021-ին 32 մլրդ դրամ եկամտային, և մոտավորապես 140 մլրդ դրամի չափով ավելացված արժեքի հարկ են վերադարձրել։
Մեկնաբանել