
Կառավարությունը 2-րդ անգամ կփորձի օտարել Օրբելի 23-ի շենք-շինություններն ու հողամասերը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ Օրբելի 23 հասցեում գտնվող 9905 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց զբաղեցրած 3 հեկտարից ավելի հողամասերը կօտարվեն մրցույթով: Որոշումն ընդունվեց Կառավարության հունիսի 9-ի նիստում։
ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հայտնեց, որ գույքը պետական գույքի կառավարման կոմիտեին է հանձնվել 2013 թվականին, նախկին զինվորական հիվանդանոցի շենք-շինություններն են։
2020 թ.-ին, Կառավարության որոշմամբ, գույքը մեկ անգամ ներկայացվել է օտարման, սակայն մրցույթը չի կայացել հայտեր չլինելու պատճառով։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 80 %-ի չափով՝ 6 մլրդ 613 մլն 652 800 դրամ։ Առաջին անգամ օտարման գին էր սահմանվել գնահատված արժեքի 100 %-ի չափով։
«Պետական գույքի արդյունավետ կառավարումը մեր ամենակարևոր մարտահրավերներից մեկն է։ Այսօր ահռելի քանակությամբ պետական գույք ունենք, որ ոչ մի եկամուտ, ոչ մի արդյունք չեն բերում»,- հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ դեռևս 2020-ին Կառավարությունը հայտնել էր, որ տարածքն օտարվում է և նախատեսվում է հյուրանոցային համալիր կառուցել։ Սակայն, ինչպես նշեց Վաչե Տերտերյանը, մրցույթը չի կայացել։
Մեկնաբանել