
3 մլրդ դրամ՝ Հյուսիս-հարավ ծրագրի կապալառուի պարտքերը մարելու համար
Կառավարությունը 3 մլրդ դրամ կհատկացնի Հյուսիս-հարավ ծրագրի 3-րդ տրանշի շրջանակում 2021թ․ շինարարական աշխատանքների դիմաց կապալառուին վճարելու համար։ Որոշումն ընդունվեց Կառավարության հունիսի 2-ի նիստում՝ չզեկուցվող հարցերի փաթեթով։
Որոշման նախագծում ասված է, որ 2021թ. սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար կապալառուի կողմից ներկայացված և հաստատված կատարողականների դիմաց վճարումներ չեն իրականացվել ֆինանսավորման բացակայության պատճառով։
Նախագծում նշվում է, որ վարկային և դրամաշնորհային հաշիվների համալրման ֆինանսավորման հայտերը սահմանված կարգով ուղարկվել են Եվրոպական ներդրումային բանկ դեռևս 2021թ. օգոստոսի 16-ին, սակայն մինչ օրս ԵՆԲ-ն հաշիվների համալրում չի իրականացրել:
Իսկ կապալառուի հետ կնքված պայմանագրով՝ վճարումների ուշացման դեպքում սահմանված է տույժ՝ տարեկան 3%-ի չափով, որի չափն օրեցօր ավելանում է:
Ծրագրի անխափան ընթացքն ապահովելու համար Կառավարությունը որոշել է մարել առկա պարտավորությունները և սկսել շինարարական աշխատանքները։
Ըստ որոշման նախագծի՝ Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման վարկային (Տրանշ 3) ծրագրով բանկից վարկային միջոցներ ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում պետական բյուջեից հատկացվող միջոցները կվերականգնվեն կայունացման դեպոզիտային հաշվում։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նաև հայտնել է, որ Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման վարկային ծրագրի (Տրանշ 3) շրջանակներում Լանջիկ-Գյումրի` կմ90+200-ից կմ117+670 հատվածում 2021թ. ընթացքում շինարարական աշխատանքներն ընթացել են մեծ տեմպերով, և արդյունքում աջակողմյան հատվածը բացվել է երթևեկության համար, իրականացվել է հողային աշխատանքների ընդհանուր ծավալի շուրջ 70%-ը, բետոնե կառուցվածքների ընդհանուր ծավալի շուրջ 45%-ը, ասֆալտապատման աշխատանքների 40%-ը։
Մեկնաբանել