
Հորդանան գետի արևմտյան ափին բախումների ժամանակ սպանվել է Al Jazeera-ի լրագրող Շիրին Աբու Աքլեն
Արաբական Al Jazeera հեռուստաընկերության լրագրող Շիրին Աբու Աքլեն սպանվել է Հորդանան գետի արևմտյան ափին տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ։ Այդ մասին հայտնում է քաթարական հեռուստաընկերությունը։
Հեռուստաընկերության փոխանցմամբ՝ 51-ամյա լրագրողը լուսաբանում էր Ջենին քաղաքի պաղեստինյան փախստականների ճամբարում իսրայելցի զինվորականների հերթական ստուգայցը, որտեղ մայիսի 11-ի առավոտյան փոխհրաձգություն էր սկսվել։ Բախման ժամանակ Աբու Աքլեն, որի վրա եղել է «Press» գրառմամբ զրահաբաճկոն, գլխին վիրավորում է ստացել։ Լրագրողին հասցրել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Նրա հետ միասին վիրավորվել է նաև Al-Quds պարբերականի թղթակից Ալի Սամոդին, որի վիճակը գնահատվում է կայուն։ Վերջինս ևս տեղափոխվել է հիվանդանոց։
Al Jazeera-ն Շիրին Աբու Աքլեի սպանության մեղքը դրել է Իսրայելի անվտանգության ուժերի վրա՝ այն անվանելով «սառնարյուն սարսափելի հանցագործություն, որը խախտում է միջազգային նորմերը»։ Իսրայելի պաշտպանության բանակը պնդում է, որ լրագրողին կարող էին պատահմամբ սպանել պաղեստինցի զինյալները։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդն առաջարկել է պաղեստինյան կողմին անցկացնել պատահարի համատեղ հետաքննություն։ «Բոլոր լրագրողները պետք է պաշտպանված լինեն հակամարտության գոտիներում և յուրաքանչյուրը պատասխանատու է նրա համար, որպեսզի հասնի ճշմարտությանը»,- ասել է Լապիդը։ Ընդ որում, նա ընդգծել է, որ իսրայելական բանակը կշարունակի անցկացնել գործողություններ ամենուր, որտեղ անհրաժեշտ կլինի ապահովել Իսրայելի անվտանգությունը։
Շիրին Աբու Աքլեն, որը ծնվել էր Երուսաղեմի արաբական ընտանիքում և ուներ ամերիկյան քաղաքացիություն, Al Jazeera հեռուստաընկերությունում աշխատում էր 1997 թվականից։
Լուսանկարը՝ Mohammed Saber / EPA / Scanpix / LETA
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել