
Չավուշօղլուն ակնարկել է հայ-թուրքական սահմանի հնարավոր սահմանազատման մասին
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ կքննարկվեն տարբեր քայլեր, որոնք կձեռնարկվեն առաջիկայում։ Այս մասին թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։
Նա ակնարկել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Թուրքիայի սահմանի սահմանազատման մասին։ Բացի դրանից, Չավուշօղլուն հիշեցրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման համատեղ հանձնաժողովի ստեղծման պայմանավորվածությունների մասին։
«Սահմանները կրկին որոշելու հարցում համաձայնություն է կայացվել: Ինչպե՞ս է սա արվելու: Համատեղ հանձնաժողո՞վ է հիմնվելու: Ադրբեջանի հետ նման հանձնաժողով ստեղծելու որոշում է կայացվել»,- ասել է Չավուշօղլուն:
Հայ-թուրքական սահմանի հնարավոր սահմանազատման մասին Չավուշօղլուն այլ մանրամասներ չի հայտնել։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 3-ին` Վիեննայում։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի երկրորդ հանդիպումը փետրվարի 24-ին կրկին կայացել էր Վիեննայում:
Այդ հանդիպմանը հատուկ ներկայացուցիչները, ըստ ԱԳՆ-ի, վերահաստատել էին, որ բանակցությունների վերջնական նպատակը Հայաստանի ու Թուրքիայի միջև լիարժեք կարգավորումն է, ինչպես պայմանավորվել էին Մոսկվայում իրենց առաջին հանդիպման ընթացքում:
Նրանք մտքեր էին փոխանակել այդ կապակցությամբ համատեղ հնարավոր կոնկրետ քայլեր ձեռնարկելու շուրջ և վերահաստատել՝ գործընթացն առանց նախապայմանների շարունակելու իրենց համաձայնությունը:
Լուսանկարը՝ AP File Photo-ի
Մեկնաբանել