HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ընդդիմությունը կոչ է անում ձևավորել դիմադրության նոր օջախներ․ բողոքի ակցիաների 3-րդ օրը

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով ընդդիմության բողոքի ակցիաների և իրազեկման երթերի 3-րդ օրն է։ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցութան պատգամավոր Իշխան Սաղաթելյանը քաղաքացիներին կոչ է արել ցույցերի ու երթերի կողքին ձևավորել դիմադրության նոր օջախներ։

​«Խնդրանքս հետևյալն է՝ ձևավորեք դիմադրության այդ օջախներն ու ամեն կերպ աջակցեք փողոցներում ակցիաներ իրականացնող մեր ակտիվիստներին ու երիտասարդներին։

​Ամեն ձևավորված խումբ, անհատ, դիմադրության օջախ իր բողոքի ձայնը թող բարձրացնի յուրովի:

Նիկոլը մեր երկրում ունի ընդամենը մեկ հենարան՝ ուժային կառույցները, նրանք էլ արդեն հասկանում են, որ այսպես շարունակվելու դեպքում այլևս չեն կարող պաշտպանել Ադրբեջանի ներկայացուցչին:

Նիկոլը հեռացվելու է: Մենք դա անելու ենք միասին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Սաղաթելյանը։

Արթուր Վանեցյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ առաջիկայում կմեկնարկի պայքարի հաջորդ փուլը։

«Մենք դեռևս չենք անցել վճռական փուլին, ամեն ինչ դեռ առջևում է, շարժումը թափ է ստանում»,- ասել է նա։

ԱԱԾ նախկին ղեկավարը նշել է, որ հաջորդ փուլի ժամանակ կխոսեն, թե ինչ ծրագրեր ունեն, և թե ինչ են անելու իշխանափոխությունից հետո։

Ըստ նրա՝ ոստիկանների մի մասը ստիպված է կատարում «իշխանությունների ապօրինի հրամանները»։

ՀՀԿ-ական երիտասարդները «STOP Նիկոլ», «STOP դավաճանությանը» գրությամբ պաստառներով ակցիա են իրականացրել Ազգային ժողովի դիմաց։ 

Մեկ այլ խումբ էլ այսօր Կառավարության շենքի մոտ է եղել։ Ակցիայի մասնակիցները կարմիր ներկով լցված դույլեր են բերել։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, ներկելով ձեռքերը, փորձել է «արյունոտ ձեռքերի» հետք թողնել Կառավարության առջև, որից հետո նրան փորձել են բերման ենթարկել։

«Իրենց հետևից արյան հետքեր են թողնում, որտեղ գնում են արյուն է, իրենց ձեռքերն արյունոտ են»,- նշել են ակցիայի մասնակիցները։

«Ազատագրական» շարժման անդամներն այսօր նույնպես Կառավարության մոտ էին, բայց՝ հակագազերով, բժշկական խալաթներով և ախտահանող հեղուկներով։ Ոստիկանները ցուցարարներից մի քանիսին բերման են ենթարկել։ 

Բողոքի ակցիա է իրականացվել նաև Արտաքին գործերի նախարարության առջև։ Մասնակիցներն արյունոտ ձեռքերով շապիկներ են դրել նախարարության շենքի առջև։

«5165» շարժման անդամներն էլ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից Արցախի դրոշով շարժվել են դեպի Ազատության հրապարակ։

Իսկ «Դիմադրության» շարժումն իրազեկման երթը ժամը 18։30-ին մեկնարկել է Գարեգին Նժդեհի հրապարակից։

Երթի մասնակիցները ծաղիկներ և խաղալիքներ են դրել Լեո-Պարոնյան փողոցների հատվածում, որտեղ երեկ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ՃՈ ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել հղի կնոջը, վերջինս մահացել էր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter