HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեռնիկ Վարդանյան. դեսանտագրոհային գումարտակի հրամանատարը

«Հետքը» շարունակում է ներկայացնել Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակի անցած մարտական ուղին 2020թ․ արցախյան պատերազմում։

Պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11-ին, Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակից երկու դասակ (2-րդ, 4-րդ) և առանձին ստորաբաժանումներ՝ ընդհանուր մոտ 60 զինծառայող, գումարտակի հրամանատար Լեռնիկ Վարդանյանի գլխավորությամբ հասնում են Թալիշի 165-րդ դիրք, որը գտնվում էր երկրորդ բնագծում։

Ադրբեջանական ստորաբաժանումներն արդեն գրավել էին առաջին բնագծի մի քանի դիրք: Գումարտակի մի մասը տեղակայվում է 165-րդ դիրքի խրամատներում: Րոպեներ հետո սկսվում է հրետակոծություն, որին հաջորդում է տանկային գրոհ գումարտակի զբաղեցրած դիրքի ուղղությամբ, խոցվում են դիրքի ստորոտում կայանված երեք «Ուրալ»-ները, Լ. Վարդանյանի «ՈւԱԶ»-ը: Վարդանյանը գտնվում էր 165-րդ դիրքի առջևում՝ մոտ 70 մ հեռավարության վրա գտնվող հրամանատարական դիտակետում։

Գումարտակի 2-րդ դասակի նռնակաձիգ Վանուշ Պողոսյանը, որին Լեռնիկ Վարդանյանը հրահանգել էր նռնականետով դիրքավորվել հրամանատարական դիտակետի մոտակա բարձունքում, պատմում է ամսի 27-ի դեպքերի, հրամանատար Լեռնիկ Վարդանյանի զոհվելու հանգամանքների մասին։

«Ժամը 11։40-ին հրամանատարական դիտակետի վրա տանկի կրակոցից վիրավորվում է գումարտակի հրամանատարը, բլինդաժում այդ պահին ես էի, հրամանատարը և Մատաղիսի ՌՈ պետի տեղակալ Արշակ Ավագիմյանը: Արշակը և ես վիրակապեցինք հրամանատարի ձեռքը, րոպեներ հետո տանկի երկրորդ հարվածից զոհվեց Արշակ Ավագիմյանը։ Մոտեցա հրամանատարին, ասեց, որ խուճապի չմատնվեմ, վերցնեմ նռնականետը և կրակ վարեմ մոտակա բարձունքից»,- պատմում է շարքային Վանուշ Պողոսյանը:

Մոտ կես ժամից Վանուշը, վերադառնալով դիտակետ, նկատում է, որ հրամանատարը դիտակետից զառիվայրով իջել է դեպի ճանապարհ և պառկած է գետնին։ Նա իջնում է հրամանատարի մոտ:

«Մոտեցա, ստուգեցի զարկերակը, պուլս չկար։ Կապվեցի գումարտակի հրամանատարի տեղակալ Մարատ Իսրայելյանի հետ ու զեկուցեցի։ Տեղակալը հրամայեց, որ վերադառնամ զորքի մոտ՝ 165 մարտական դիրք։ Դիրքի վրա ինտենսիվ կրակ էին վարում, ժամը 4-5-ի միջակայքում, երբ կրակը թեթևացավ, գումարտակի շտաբի պետ Արթուր Ֆահրադյանը ասեց, որ ուղեկցեմ իրեն Լեռնիկ Վարդանյանի մոտ, իջանք հրամանատարի մոտ նորից, ստուգեցինք զարկերակը, կենդանության նշաններ չկային, նկատեցինք նաև ոտքերի վրայով անցած տեխնիկայի հետքեր»,- պատմում է Վանուշը:

Նա և շտաբի պետը նկատում են, որ իրենց ուղղությամբ տանկեր են շարժվում, վերադառնում են 165 մարտական դիրք, միանում են զորքին, շարունակում մարտ վարել: Հակառակորդի տանկերն արդեն անցել էին թիկունք, դիրք տանող ճանապարհը նրանց վերահսկողության տակ էր: Ամսի 28-ի լույս գիշերվա ժամը 3-ին որոշում է կայացվում նահանջել, քանի որ շրջափակման վտանգը մեծ էր, նաեւ վերջանում էր զինամթերքը: Ոտքով շարժվում են Մատաղիսի ուղղությամբ։

Սեպտեմբերի 27-ին Թալիշի դիրքերում զոհվել են դեսանտագրոհային գումարտակի զինծառայողներ Ռոման Փոթոյանը, Գրիգոր Թորոսյանը, Նարեկ Հովհաննիսյան, գումարտակի հրամանատարի տեղակալ Մարատ Իսրայելյանը և Մատաղիսի ՌՈ տեղակալ Արշակ Ավագիմյանը: Թալիշում զոհված կամ անհետ կորած են համարվում գումարտակի հրամանատար Լեռնիկ Վարդանյանը և գումարտակի սպա Իրինա Մուսայելյան, ժամկետային զինծառայող Պապ Այվազյանը։

Լեռնիկ Վարդանյանի հարազատները մինչ օրս հույս ունեն, որ Լեռնիկը չի զոհվել, այլ գտնվում է գերության մեջ։

Լեռնիկ Վարդանյանը ծնվել էր 1978 թ․ Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղում, կոչումով փոխգնդապետ էր, պատերազմից 9 ամիս առաջ նշանակվել էր Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակի հրամանատար։

Լեռնիկ Վարդանյանի մանկության ընկեր Քաջիկ Գասպարյանը պատմում է ընկերոջ հետ վերջին հեռախոսազրույցը․

«Սեպտեմբերի 27-ի առավոտյան զանգեցի Լեռնիկին՝ իմանալու, թե ինչպես է, ընդամենը մեկ բառ ասեց՝ սկսվել է։ Ժամը 12-ի կողմերը ինքը զանգեց, ուրախացած վերցնում եմ, ասում եմ՝ ի՞նչ կա, եղբայր, ո՞նց ես։ Ասում է՝ ո՞վ է։ Ասում եմ՝ Քաջիկն է, Լեռնիկ, ո՞նց՝ ով է։ Ասեց՝ լավ չեմ, ախպեր ջան, ատբոյ տուր։ Էլ չեմ հարցրել՝ ո՞նց ես, որտեղի՞դ է կպել։ Ինքը չէր սիրում երկար խոսել, ասեց անջատի»։

Լեռնիկ Վարդանյանի հայրը՝ Արեգ Վարդանյանը, ասում է, որ իրենք որևէ տեղեկություն չունեն որդուց։ Միայն իմացել են, որ պատերազմից հետո՝ նոյեմբերին, մարտադաշտից հայտնաբերված զինվորականների անճանաչելի աճյուններն ու մասունքները փորձաքննության են ենթարկել։ Հարազատներին ասել են, որ համընկնում կա իրենց տված ԴՆԹ-ի անալիզների և հայտնաբերված մասունքների միջեւ։ Սակայն Լեռնիկի հարազատները փորձաքննության արդյունքներին չեն վստահում, արտերկրում կրկնակի փորձաքննության են տարել, և իրենց խոսքերով, չի համընկել։

Լեռնիկ Վարդանյանի կինը՝ Լյուդմիլա Վարդանյանը, պատմում է, որ դեպքի օրը՝ սեպտեմբերի 27-ի՝ ժամը 13։55-ին, խոսել է Լեռնիկի հետ: «Ասեց՝ անջատի, ծանր մարտեր են, դրանից առաջ՝ ժամը 12-ի մոտակայքում, խոսել էր իր ընկերոջ՝ Քաջիկի հետ, ասել է՝ վիրավոր է։ Պատերազմից հետո նոյեմբերին մարմին են հանել, ասել են՝ Լեռնիկինն է, բայց ես չեմ հավատում, իր մարմինը չէր դա, անհամապատասխան բաներ կային, ԴՆԹ-ի պատասխանները ուղարկել եմ Ռուսաստան, չի հաստատվել, այդ վիդեոներն էլ, որ ենթադրաբար իր զոհվելու տեղանքից են, էդ էլ չեմ ընդունում, էդ ինքը չի։ Ես հավատում եմ, որ ինքը ողջ է, գերության մեջ է»,- ասում է Լյուդմիլա Վարդանյանը։

Սեպտեմբերի 28-ին Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է զոհվածների անունները, որոնց մեջ նշված էր Լեռնիկ Վարդանյանի անունը:


Կարդացե՛ք նաև դեսանտագրոհային գումարտակի մասին «Հետքի» նախորդ նյութերը՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter