HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Փաշինյանը բացարձակ ռեկորդ է համարում մարտին գրանցված վճարվող աշխատատեղերի թիվը

Կառավարությունը հավանություն տվեց 2021 թ․ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը: Այն կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը մինչև մայիսի 1-ը։

Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը նշեց, որ հաշվետվությունը բաղկացած է երկու հիմնական մասից՝ առաջինը վերլուծական մասն է, իսկ երկրորդում նկարագրվում են 2021 թ․ օրենքով հաստատված բյուջետային ցուցանիշները և դրանց փաստացի արդյունքները։

«2021 թվականը մեկնարկեց լարված ֆինանսատնտեսական միջավայրով, ինչը պայմանավորված էր Արցախի պատերազմի հարուցած սոցիալական, հոգեբանական, անվտանգային, ինչպես նաև քաղաքական որոշակի ճգնաժամերով, ինչպես նաև քովիդի համավարակով։ Այս իրավիճակում 2021 թ․ հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը»,- նշեց նա։

Փոխնախարարի խոսքով՝ 2021-ին հնարավոր է եղել բարելավել հարկային եկամուտների հավաքագրման մակարդակը՝ գերակատարելով հարկային եկամուտների և տուրքերի պլանը շուրջ 147 մլրդ դրամով, նախորդ տարվա համեմատ աճեցնելով 14,5 %-ով, ինչի արդյունքում հարկեր/ՀՆԱ ցուցանիշը նախորդ տարվա համեմատ բարելավվեց 0,3 %-ով։

«2021-ին արձանագրեցինք պատմական ամենաբարձր 22,7 % հարկեր/ՀՆԱ մակարդակ»,- ասաց Հայրապետյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց 2022-ի բյուջեից, նշեց, որ Կառավարությունն առայժմ շարունակում է ընթանալ բյուջեի եկամտային հատվածի գերակատարման պլանով։

Անդրադառնալով աշխատատեղերին՝ Փաշինյանը հայտնեց, որ 2022 թվականի մարտ ամսվա ցուցանիշները բացարձակ ռեկորդ է համարում Հայաստանի ողջ պատմության մեջ:

«2022 թվականի մարտ ամսին արձանագրվել է 654 784 վճարվող աշխատատեղ, որը 2021 թվականի մարտի համեմատ ավել է 32 622 աշխատատեղով կամ 5.3 %-ով, 2020-ը՝ որպես ճգնաժամային տարի, չենք համեմատում, 2019-ի նկատմամբ՝ 70 714 աշխատատեղով կամ 12.1 %-ով, 2018 թվականի մարտի համեմատ՝ 120 660 աշխատատեղով կամ 22.4 %-ով: 2018 թվականից ի վեր մենք ունենք 120 660 նոր արձանագրված աշխատատեղ: Ցավոք, կա մեթոդաբանության խնդիր: Մենք չենք կարողանում զատորոշել, աշխատատեղերից որոնք են նոր ստեղծված, և որոնք են պարզապես ստվերից դուրս եկել»,- հայտնեց Կառավարության ղեկավարը։

Խոսելով 2022 թվականի մարտ ամսվա միջին ամսական աշխատավարձի մասին` Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ այն կազմել է 243 607 դրամ, որը 2021 թվականի մարտ ամսվա համեմատ ավել է 32 202 դրամով կամ 15.2 %-ով, 2019 թվականի համեմատ ավել է 59 730 դրամով կամ 32.4 %-ով, 2018 թվականի մարտի համեմատ ավել է 69 530 դրամով կամ 39.9 %-ով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter