
124 մլն դրամ՝ ՊՊԾ-ի բնականոն գործունեությունն ապահովելու համար
Կառավարությունը 124 մլն 330 հազ․ դրամ կտրամադրի Պետական պահպանության ծառայությանը։ Որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի ապրիլի 22-ի նիստում՝ չզեկուցվող հարցերի փաթեթում։
Որոշման նախագծի 2-րդ կետը հույժ գաղտնի է։ Ըստ հիմնավորման՝ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Պետական պահպանության ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությամբ:
Պետական պահպանության ծառայությունն իրականացնում է պետական պահպանության օբյեկտների, ինչպես նաև նրանց մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերի` շենքերի, շինությունների, տրանսպորտային միջոցների անվտանգության ապահովումը:
«Նախագծի ընդունումը բխում է Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 1-ին գլխի «Ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգը» կետից: Համաձայն նշված կետի` ներքին և արտաքին անվտանգության, կայունության, հասարակության բնականոն գործունեության կարևորագույն նախապայմաններից է մշտապես կատարելագործվող, արդի մարտահրավերներին դիմակայելու ունակ, տեխնիկական զարգացումներին համընթաց արդիականացվող, համապատասխան որակյալ կադրերով համալրվող և հասարակության վստահությունը վայելող ազգային անվտանգության մարմինների առկայությունը: Հետախուզության, հակահետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով տեսանելի և գոհացուցիչ արդյունքների հասնելու համար գերակա խնդիր է ազգային անվտանգության մարմինները տեխնիկապես վերազինելը, որակյալ նոր կադրերով, անհրաժեշտ մասնագետներով համալրելը»,- ասված է հիմնավորման մեջ։
Նշենք նաև, որ ապրիլի 18-ին e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում ԱԱԾ-ն նախագիծ է դրել քննարկման, որով առաջարկվում է Պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից և տրամադրել վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակ։
Նախագիծը կքննարկվի մինչև մայիսի 3-ը։ Դրանից հետո այն պետք է հավանություն ստանա Կառավարության, ապա Ազգային ժողովի կողմից։
Հիշեցնենք, որ այս նախագիծը քննարկման էր դրվել նաև 2021 թվականի մարտին, սակայն վարչապետի աշխատակազմի կողմից։ Նախագիծն այդպես էլ չէր ներկայացվել Կառավարություն։
Մեկնաբանել