HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կառավարությունը կսուբսիդավորի բնակարանը էներգախնայող դարձնելու համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքները

Կառավարությունը բնակարանների կամ անհատական բնակելի տների վերանորոգման համար ձեռք բերված վարկերի տարեկան տոկոսադրույքը մասնակի կամ ամբողջությամբ կսուբսիդավորի, եթե վարկերի 20-30%-ն օգտագործվի բնակարանն ավելի էներգախնայող դարձնելու համար։ Կառավարությունը նման որոշում ընդունեց ապրիլի 15-ի նիստում։

Ծրագրով բնակարան է դիտարկվում գոյություն ունեցող (բացա­ռությամբ 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) բազմաբնակարան շենքի բնակարանը կամ անհատական բնակելի տունը։

 Էներգաարդյունավետ է համարվում այն վերանորոգումը, որի շրջանակում իրականացվելիք աշխատանքների ընդհանուր արժեքից էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների՝ էներգիայի այլընտրանքային աղբյուրների, օգտագործվող էներգաարդյունավետ շինարարական նյութերի, էներգախնայող ջեռուցման համակարգերի, արտաքին դռների և պատուհանների ձեռքբերմանը, տեղադրմանը կամ փոխարինմանը, իսկ անհատական բնակելի տան դեպքում՝ նաև արտաքին պատող և պարփակող կոնստրուկցիաների ջերմամեկուսացմանն է ուղղվում․ բնակարանների համար՝ առնվազն 20%-ը, բնակելի տների համար՝ առնվազն 30%-ը։

Էներգաարդյունավետ վերանորոգման համար ձևակերպված վարկի տարեկան տոկոսադրույքը կսուբսիդավորվի, եթե վարկի սահմանաչափը կազմում է՝

  • բազմաբնակարան շենքի բնակարանի վերանորոգման դեպքում՝ 1 քառ. մետրի հաշվարկով ոչ ավելի, քան 7 մլն դրամը,
  • անհատական բնակելի տների համար՝ 1 քառ. մետրի հաշվարկով ոչ ավելի, քան 10 մլն դրամը։

Վարկը տրամադրվում է դրամով՝ ոչ ավելի, քան 14% տոկոսադրույքով, առավելագույնը 7 տարի ժամկետով:

Սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերում վերանորոգվող գույքերի մասով վարկը կտրամադրվի 0% տոկո­սադրույքով, գյուղական բնակավայրերում՝ 2% տոկոսադրույքով, քաղաքային բնակավայրերում՝ 3% տոկոսադրույքով, Երևանում՝ 5% տոկոսադրույքով:

Ծրագրի աջակցության տրամադրումը կտարածվի մինչև 2023 թ. հուլիսի 1-ը տրամադրելիք վարկերի վրա։

«Ակնկալում ենք, որ քաղաքացիները հոսանքի, գազի համար ավելի պակաս կվճարեն, և այս ներդրումն իրեն կարդարացնի։ Ակնկալում ենք, որ այս ծրագրի շրջանակում կապահովենք նաև արտագնա աշխատանքի մեկնող մեր այն հայրենակիցներին, ովքեր այս տարի հայտնի պատճառներով գուցե չկարողանան մեկնել արտագնա աշխատանքի։ Նրանց համար պոտենցիալ աշխատատեղեր ենք ստեղծում։ Սա ծրագիր է բոլորի համար։ Կա ռիսկ, որ կարող է ծրագիրն այնքան մեծ մասշտաբներ ձեռք բերի, որ բյուջեի համար շատ մեծ ծանարաբեռնվածություն ունենա։ Դրա համար որոշակի քվոտաներ ենք սահմանում»,- նախագծի քննարկման ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի՝ առաջին փուլում 10 000 այդպիսի վարկ կտրամադրվի։

«Եթե տեսնենք՝ մի տարվա արդյունքներով մեր թիրախային նպատակներին հասել ենք, այս ծրագիրը կարելի է դարձնել շարունակական, որովհետև բնակֆոնդի լուրջ խնդիր ունենք»,- եզրափակեց Կառավարության ղեկավարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter