Վատ խաղաղությունը նախընտրելի է յուրաքանչյուր պատերազմից. Ղրղզստանի խորհրդարանի նախագահը՝ ՀՀ ԱԺ նախագահին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 28-ին, Ղազախստանի Ալմաթի քաղաքում հանդիպել է Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Քենեշի (խորհրդարանի) նախագահ Տալանտ Մամիտովին: Այս մասին հայտնում են Ազգային ժողովի լրտավական բաժնից։
Կողմերը քննարկել են ԱՊՀ ՄԽՎ շրջանակներում փոխգործակցության հեռանկարները՝ արձանագրելով խորհրդարանական դիվանագիտության եւ բարեկամական խմբերի ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը:
ԱԺ նախագահը կարեւորել է երկու երկրների պատվիրակությունների կառուցողական համագործակցությունն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում եւ այլ խորհրդարանական հարթակներում:
Ղրղզ գործընկերը հիշեցրել է 1994թ. Բիշքեկում ստորագրված Լեռնային Ղարաբաղի հրադադարի վերաբերյալ արձանագրությունը՝ փաստելով, որ վատ խաղաղությունը նախընտրելի է յուրաքանչյուր պատերազմից: Անդրադառնալով տարածաշրջանի անվտանգության եւ խաղաղության հաստատման հարցերին՝ երկուստեք կարեւորվել է խաղաղության օրակարգի սատարումը:
Ի թիվս քննարկումների լայն շրջանակի՝ մտքեր են փոխանակվել նաեւ ապակենտրոնացված համագործակցության շուրջ: Այս համատեքստում առանձնացվել են երկրորդ քաղաքներ Գյումրիի եւ Օշի, ինչպես նաեւ Շիրակի եւ Օշի համապատասխան համալսարանների միջեւ փոխանակման առաջիկա ծրագրերը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել