
Ուկրաինայի ԳՇ-ն պնդում է` Ռուսաստանը Գյումրու ռազմաբազայից ստորաբաժանումներ է մտադիր տեղափոխել Ուկրաինա
Ռուսաստանի Դաշնությունը նախատեսում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումների մի մասին տեղափոխել Ուկրաինա՝ մասնակցելու այդ երկրի տարածքում ընթացող պատերազմական գործողություններին։ Այդ մասին նշվում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ տեղեկագրում 18:00-ի դրությամբ։
«Շարունակելով մարտական գործողություններին մասնակցող առանձին ստորաբաժանումների մարտունակությունը վերականգնելու փորձերը՝ Ռուսաստանի Դաշնության ռազմական ղեկավարությունը ծրագրում Է Ուկրաինայի տարածք տեղափոխել Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի որոշ ստորաբաժանումներ»,- նշվում է ուկրաինական կողմի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Մեծ Բրիտանիայի ռազմական հետախուզությունը ևս հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստվում է Հայաստանից ուժեր տեղափոխել Ուկրաինա, սակայն բրիտանացիները չէին մանրամասնել, որ խոսքը հենց ռուսական ռազմաբազայի ուժերի մասին է։
Ուկրաինական կողմը պնդում է, որ «հաստատվում են մարտական գործողություններին մասնակցելուց ՌԴ առանձին զինծառայողների հրաժարվելու փաստերը, ինչը պայմանավորված է ուկրաինական պաշտպանության ուժերի հետ բախումներից հետո ռուսական զորքերի բարոյահոգեբանական վիճակի ցածր մակարդակով»։ «Այսպես, մասնավորապես, Հարավային ռազմական օկրուգի 8-րդ համազորային բանակի 20-րդ մոտոհրաձգային դիվիզիայի մշտական տեղակայման վայրում, ՌԴ-ի շուրջ 130 զինծառայողներ հրաժարվել են մասնակցել մարտական գործողություններին»,- պնդում է ուկրաինական կողմը։
Լուսանկարը՝ РИА Новости-ի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել