
Էնթոնի Բլինքենը չեղարկել է Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ հրաժարվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից, որը պետք է կայանար փետրվարի 24-ին։ Այդ մասին Բլինքենը հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
Պետքարտուղարության ղեկավարի խոսքով՝ ռուսաստանցի նախարարի հետ հանդիպման նախապայմաններից մեկը եղել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հրաժարումը, սակայն հիմա Վաշինգտոնը դրանում իմաստ չի տեսնում։
Բլինքենն արդեն իսկ հայտնել է Լավրովին իր մտադրության մասին։ Ընդորում, նա նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ դիվանագիտական շփումներին, եթե նա «ցուցաբերի լուրջ մտադրություն»։
Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Ռուսաստանը դարձավ առաջին երկիրը, որը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ ԱՄՆ-ում դա հավասարազոր համարեցին Ուկրաինա ներխուժելուն և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանեցին։
Բլինքենի և Լավրովի հանդիպումը պետք է կայանար փետրվարի 24-ին։ Դրանից հետո, ինչպես հաղորդում էր Սպիտակ տունը, նախատեսվում էր գագաթնաժողով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև, որի առաջարկով հանդես էր եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Լուսանկարը՝ Сергей Бобылев / ТАСС
Մեկնաբանել