HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Ծանր վիրավորանքի եւ բռնության կոչի մեղադրանքներ փաստաբան Մուշեղ Շուշանյանի նկատմամբ. տուժողը Նիկոլ Փաշինյանն է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, այսօր` փետրվարի 22-ին, տեղի ունեցավ փաստաբան Մուշեղ Շուշանյանի վերաբերյալ դատական նիստը։ Նրա վերաբերյալ երկու քրեական գործ կա, և այսօրվա նիստում դատարանը որոշեց երկու գործերը միացնել մեկ վարույթում։ Նշենք, որ երկու գործերով էլ տուժող է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Առաջին գործով, որն այսօր քննում էր դատարանը, Մուշեղ Շուշանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 137․1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։ «Մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորել է նրա արժանապատվությունը և տեղեկատվական տեխնոլոգինաներն օգտագործելով՝ տարածել է անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր»,- նշվում է մեղադրական եզրակացության մեջ:

Պաշտպան Արթուր Գրիգորյանի պնդմամբ՝ մեղադրանքն առաջադրվել է միայն «վիժվածք» բառի համար։ 

Իսկ երկրորդ քրեական գործով, որը դատարան է ուղարկվել ավելի վաղ, Մուշեղ Շուշանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 226․2 հոդվածի 1-ին մասով․ «Մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանրության լայն շրջանակների համար հասանելի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, գրանցված լինելով «Mushegh Shushanyan» օգտատիրոջ տվյալներով, անձի՝ ՀՀ վարչապետի նկատմամբ, քաղաքական և այլ հայացքներով պայմանավորված, ՀՀ-ում հետպատերազմյան իրադրությամբ պայմանավորված հասարակության մոտ առկա տրամադրությունները և սոցիալ-հոգեբանական խոցելի իրավիճակն օգտագործելով, հրապարակային՝ իր «հետևորդների», «ընկերների» և կայքէջ մուտք գործած այլ օգտատերերի համար անմիջականորեն տեսանելի եղանակով, դիտավորությամբ հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր և արդարացրել է նման բռնությունը»,- ասվում է մեղադրական եզրակացության մեջ։

Դատական նիստին մեղադրող կողմը միջնորդություն ներկայացրեց, որ Մուշեղ Շուշանյանի վերաբերյալ երկու քրեական գործերը միացվեն իրար։ Քանի որ դատավոր Վաչե Մարգարյանի վարույթում գտնվող գործն ավելի վաղ՝ 2021թ․ մարտի 19-ին է ուղարկվել դատարան, միջնորդության մեջ նշվեց, որ այսօր քննվող գործը միացվի ավելի վաղ եղածին։ Նշենք, որ այսօր քննվող գործը դատարան է ուղարկվել 2021թ․ նոյեմբերի 23-ին։

Ամբաստանյալ Մուշեղ Շուշանյանը հայտնեց, որ այս կամ մյուս քրեական գործի վերաբերյալ իրավական դիրքորոշում արտահայտելուց զերծ է մնալու և ըստ անհրաժեշտության ու նպատակահարմարության՝ հայտարարություններ է անելու գործի փաստական կողմի վերաբերյալ։

«Իմ նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումները ես չեմ համարում իրավական գործընթացներ, դրանք ինձ համար ակնհայտորեն քաղաքական պատվերի շրջանակներում իրականացվող ապօրինի գործընթացներ են, որոնք միջամտություն են իմ՝ ազատորեն արտահայտվելու ազատության իրավունքի նկատմամբ և նման միջամտություններն, իմ կարծիքով, անօրինական են։ Պատվեր իջեցնողները և այդ պատվերը կատարողներն իմ այդ իրավունքի իրականացումը սահմանափակելու նպատակ են հետապնդում։ Թե ինչով է դա պայմանավորած, հետագայում, ըստ անհարժեշտության, դրա մասին նաև կխոսեմ»,- ասաց նա։

Պաշտպան Արթուր Գրիգորյանն էլ նշեց՝ քանի որ երկու գործերով էլ իբրև տուժող ներգրավված է վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, երկու գործերն էլ վերաբերում են արտահայտվելու իրավունքի ազատության սահմանափակումներին և երկու գործերի միասնականությունը կնպաստի իրենց պաշտպանյալի իրավունքների դատական պաշտպանության առավել արդյունավետ իրականացմանը, առարկություններ չունեն։

Դատարանը բավարարեց միջնորդությունը, և նիստն ավարտվեց։

Դատական նիստից հետո Արթուր Գրիգորյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ հարուցված երկու գործերով էլ Մուշեղ Շուշանյանը խիստ քննադատության է ենթարկել վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին։

«Սակայն իրավապահ համակարգը, որն արդեն բավականին ժամանակ է՝ լծվել է ամբողջությամբ Նիկոլ Փաշինյանի, նրա մերձավորների և կուսակիցների շահերի պաշտպանությանը, գտնվել է «բարձունքներում» և իր նախընտրությամբ քրեական գործեր է հարուցել Մուշեղ Շուշանյանի նկատմամբ»,- նշեց պաշտպանը։

Նրա խոսքով՝ ամբողջ խնդիր այն է, որ այդ գրառումները վերաբերում են Նիկոլ Փաշինյանի կոլաբորացիոն գործունեությանը։ «Այսինքն՝ պատերազմը պարտվելուն տանելուն, դավաճանական ուղուն։ Բայց, ամբողջ համատեքստից կտրելով առանձին բառեր, Նիկոլ Փաշինյանի փոխարեն վարույթն իրականացնող մարմին կոչեցյալն արդեն գնահատական է տալիս՝ դա վիրավորա՞նք է, թե՝ ինչ, ընդ որում՝ թե ինչ աստիճանի վիրավորանք․ ծանր վիրավորանք»,- ասաց Արթուր Գրիգորյանը։

Նա նշեց, որ առաջին գործում, որը մինչ այս արդեն դատարանի վարույթում էր, «հետաքրքիր և աբսուրդային» իրավիճակ կա․ ««Դավաճան» արտահայտությունը համարել են քաղաքական հայացքներով պայմանավորված վիրավորանք։ Այսինքն՝ դավաճանությունը դիտել են քաղաքական հայացքի դրսևորման ձև»։

Պաշտպանի խոսքով՝ քանի դեռ այս իրավիճակն է, առանձնապես մեծ ակնկալիք չունեն դատարանից։ «Բայց միանշանակ կարող եմ ասել, որ մենք մինչև վերջ գնալու ենք՝ ընդհուպ Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- ասաց Մուշեղ Շուշանյանի շահերի պաշտպան Արթուր Գրիգորյանը։

Նշենք, որ «ծանր վիրավորանքի» մասին Քրեական օրենսգրքի հոդվածն ուժի մեջ է մտել 2021 թվականի օգոստոսի 30-ին։ 2022 թվականի փետրվարի 2-ին կայացվել է այս հոդվածով առաջին մեղադրական դատավճիռը, որտեղ տուժող կողմ էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԲՏԱ նախարար, ՔՊ-ի նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը։ Իսկ հոդվածի ուժի մեջ մտնելուց մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը հարուցվել է 263 քրեական գործ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter