HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կրեմլում կայացել է Պուտին-Ալիև հանդիպումը

Մոսկվայում կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որն իրականացվում է հակակորոնավիրուսային սահմանափակումների պայմաններում։ ТАСС գործակալությունը գրում է, որ երկու երկրների նախագահները պահպանում են սոցիալական հեռավորություն՝ նստելով օվալաձև մեծ սեղանի տարբեր ծայրերում։ 

«Ցավոք, այս չարաբաստիկ համավարակը մեզ թույլ չի տալիս նորմալ շփվել և հանդիպել»,- հանդիպման սկզբում հայտարարեց Պուտինը, երբ ողջունում էր Ալիևին։ ՌԴ նախագահը հայտարարեց, որ ուրախ է տեսնել ադրբեջանցի իր գործընկերոջը։ 

«Շնորհակալություն, որ ընդունեցիք հրավերը։ Ձեր այցը տեղի է ունենում մեր երկկողմ հարաբերությունների համար նշանակալից իրադարձության՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի նախաշեմին, և այսօր մենք կստորագրենք դաշնակցային փոխգործակցության վերաբերյալ հռչակագիր»,- շարունակել է Պուտինը՝ դա անվանելով ռուս-ադրբեջանական կապերի զարգացման նոր փուլ։ 

Խոսելով Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի մասին՝ Պուտինը հայտարարել է, որ իրավիճակն այնտեղ բավարար է, կան կոնկրետ պայմանավորվածություններ տարածաշրջանում անվտանգության ապահովման տեսանկյունից, չնայած պահպանվում են նաև մի շարք խնդիրներ։ Պուտինը, ընդհանուր առմամբ, Ղարաբաղյան հիմնախնդիրը գնահատել է ոչ մինչև վերջ կարգավորված։

«Ես կարծում եմ, որ չնայած այն խնդիրներին, որոնք ընթացիկ կյանքի ընթացքում ի հայտ են գալիս, մենք ամեն դեպքում բավարարված ենք նրանով, որ հասել ենք այն մակարդակին, որտեղ հիմա գտնվում ենք։ Արդեն կան կոնկրետ պայմանավորվածություններ ոչ միայն բոլոր մարդկանց անվտանգության ապահովման տեսանկյունից, որոնք այնտեղ ապրում են, այլև առևտրա-տնտեսական կապերի զարգացման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման։ Գիտեմ, որ դեռ կան վեճեր, կա աշխատելու տեղ, բայց մենք մեր կողմից կանենք ամեն ինչ, որ այդ գործընթացն ընթանա խաղաղ ճանապարհով և որպեսզի մենք հասնենք բոլոր կողմերի բավարարմանը, որոնք ներգրավված են այդ գործընթացին»,- ասել է Պուտինը։

Պուտինն ընդգծել է, որ և Ռուսաստանը և Ադրբեջանի հարևան մյուս երկրները հետաքրքրված են, որ այդ հարցերը, այդ թվում` տրանսպորտային հաղորդակցությունների մասով, լուծվեն, որովհետև դա վերաբերում է ոչ միայն Բաքվին ու Երևանին։ Բացի այդ, Պուտինն Ալիևին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանում ռուսաց լեզվի զարգացման համար։

Իր հերթին Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը կարևոր դեր է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի դադարեցման մեջ։ Նրա խոսքով՝ շնորհիվ Ռուսաստանի ջանքերի գործընթացը ռազմական փուլից անցել է քաղաքական-դիվանագիտականի։ Ալիևի կարծիքով՝ Ռուսաստանը գլխավոր դեր ունի Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացում։ 

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը Ռուսաստանում է պաշտոնական այցով։ Նա Մոսկվա էր ժամանել փետրվարի 21-ին։

Ռուսաստան Իլհամ Ալիևը վերջին անգամ այցելել էր 2021 թվականի դեկտեմբերի 28-ին։ Նա եղել էր Սանկտ Պետերբուրգում, որտեղ կայացել էր Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Գագաթնաժողովին մասնակցել էին նաև Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի առաջնորդները։ Սանկտ Պետերբուրգում այդ անգամ Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի չէր ունեցել։

Փոխարենը, ավելի վաղ՝ նոյեմբերի 26-ին Սոչիում Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդները եռակողմ հանդիպում էին ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ պայմանավորվել էին մինչև տարեվերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի mi5eu սահմանազատման և սահմանագծման մեխանիզմներ։

Լուսանկարը՝ Կրեմլի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter