
77․7 մլն դրամ՝ Հայաստանում բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնություն անցկացնելու համար
Պետական բյուջեից 77 մլն 768 հազար դրամ կհատկացվի բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպման համար։ Կառավարությունը փետրվարի 17-ի նիստում հավանություն տվեց որոշման նախագծին։
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից առաջարկվել է Հայաստանում անցկացնել բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնություն: Ակնկալվում է շուրջ 280 մարզիկի, ինչպես նաև նրանց ուղեկցող անձնակազմի և այլ պատվիրակների մասնակցություն:
Ըստ գործադիրի հիմնավորման՝ առաջնության անցկացումը իր կարևոր տեղն ունի մարզաձևի զարգացման և մասսայականացման գործում, ինչի արդյունքում Հայաստանն էլ ավելի ճանաչելի կդառնա միջազգային մարզական հարթակներում՝ որպես առաջատար երկիր: Միևնույն ժամանակ այն կնպաստի մշակույթային արժեքների և տուրիզմի զարգացմանը, այդ թվում՝ հյուրանոցային, մշակութային կենտրոնների և մարզական կառույցների վերականգմանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նախագծի քննարկման ժամանակ տեղեկացրեց, որ չզեկուցվող հարցերի փաթեթով գումար կհատկացվի նաև մարզահամերգային համալիրին, քանի որ մանկական Եվրատեսիլն այս տարի անցկացվելու է Հայաստանում։
Մեկնաբանել