HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թեհրանն ու Վաշինգտոնը հայտարարում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում առաջընթացի մասին

Վիեննայում իրանական միջուկային ծրագրի շուրջ իրականացվող բանակցություններում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, որոնք վերաբերում են քաղաքական և տնտեսական երաշխիքներին։ Այդ մասին Թեհրանում լրագրողներին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը։ 

«Իրանական բանակցային խումբը ներդրել է բոլոր ջանքերը, որպեսզի Արևմուտքը ներկայացնի կոնկրետ երաշխիքներ և հավատարիմ մնա ապագայում ձեռքբերվելիք պայմանավորվածություններին»,- նշել է իրանցի նախարարը։

Մեկնաբանելով Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների թեման՝ այդ երկրի ԱԳ նախարարը նշել է, որ Թեհրանը ամերիկյան կողմին, միջնորդների միջոցով, հստակ սահմանել է իր դիրքորոշումը։ «Նրանք գործով պետք է ցույց տան իրենց դրական տրամադրվածությունը, ձեռնարկեն կոնկրետ նախաձեռնություններ։ Այն, ինչ կա թղթի  վրա, լավ է, բայց բավարար չէ»,- ասել է Աբդոլահյանը։ 

Զուգահեռաբար, ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան Reuters գործակալությանը հայտնել է, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է չեղարկել մի շարք պատժամիջոցներ, որոնք ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սահմանել էր Իրանի քաղաքացիական միջուկային ծրագրի նկատմամբ։ Ըստ պաշտոնյայի՝ նման կերպ Վաշինգտոնը ցանկանում է «թեթևացնել» Վիեննայում իրանական միջուկային ծրագրի բանակցությունների վերջնական փուլում տեխնիկական ասպեկտների քննարկումը։ 

Այն հնարավորություն կտա արտասահմանյան ընկերություններին աշխատանքներ իրականացնել Իրանի որոշ օբյեկտներում՝ ատոմի խաղաղ յուրացման ուղղությամբ։ Սակայն, ըստ ամերիկյան կողմի, սա չպետք է հասկանալ որպես «զիջում Իրանին» կամ ազդակ, «որ մենք մոտ ենք համաձայնության»։ Այդուհանդերձ, ըստ ամերիկացի պաշտոնյայի, բանակցություններում կա որոշակի առաջընթաց։

Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին Ավստրիայի մայրաքաղաքում վերսկսվել էին Իրանի միջազգային միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ բանակցությունները։ 

Իրանն իր միջուկային ծրագրի ակտիվ զարգացումը սկսել է նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի նախագահության տարիներին (2005-2013 թվական)։ Զուգահեռաբար ՄԱԳԱՏԷ-ն մշտական ստուգումներ էր սկսել Իրանի միջուկային օբյեկտներում, որը վերջին հաշվով հաստատեց իրանցիների կողմից միջուկային զենքի ստեղծման աշխատանքները։ Այդ ժամանակ ի պատասխան Իրանի գործողությունների՝ ԱՄՆ-ն ու Եվրոպական երկրները պատժամիջոցներ սկսեցին սահմանել Իրանի ֆինանսական հատվածի, էներգառեսուրսների և զինամթերքի արտահանման վրա։ Արդյունքում, իրանական տնտեսությունն էականորեն տուժեց։

Իրավիճակը որոշակիորեն կարգավորվեց 2015 թվականին՝ Հասան Ռոհանիի կառավարության ջանքերի շնորհիվ։ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Իրանը կնքեցին Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը։ Թեհրանը սահմանափակեց իր միջուկային ծրագիրը, իսկ նրա վրայից հանվեցին պատժամիջոցները։ Սակայն 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն դուրս եկավ գործարքից և վերականգնեց Իրանի նկատմամբ պատժամիջոցները։ Ի պատասխան՝ Թեհրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների աստիճանական կրճատման մասին։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter