
128,4 մլն դրամ՝ հուշարձանների պահպանման և պեղումների համար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թ.-ի հաստատված բյուջեով նախատեսված ծրագրերից վերաբաշխման միջոցով 128 մլն 439 հազար դրամ կհատկացվի Հայաստանում մի շարք հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման համար անհրաժեշտ պեղումների իրականացման, Արենի-1 քարանձավից գտած մ.թ.ա. 3600-3500 թթ. հնագիտական գտածո կաշվե ոտնամանի պահպանման նպատակով հատուկ ցուցապահարանի պատրաստման և տեղադրման աշխատանքների համար։ Որոշումն ընդունվեց Կառավարության դեկտեմբերի 23-ի նիստում։
«2020 թ.-ից մի ծրագիր պետք է սկսեինք, որը պատերազմի պատճառով ընդհատվեց, խոսքը մեր պետականությունը խորհրդանշող պատմամշակութային հուշարձանների պահպանման և վերականգման ծրագրի մասին է, ամրոցների և բերդերի մասին է։ Արենի քարանաձավի կաշվե ոտնամանը համաշխարհային պատմության համար բացառիկ գտածո է, որը պետք է բացառիկ ուշադրության և պահպանության արժանանա»,- նախագծի քննարկմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Որոշման նախագծով նախատեսվում է.
1) 98 մլն 401 հազար դրամը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին` հետևյալ աշխատանքների իրականացման համար՝
- 18 մլն դրամ՝ «Լոռի բերդ» ամրոցի պարսպապատի հարավ-արևմտյան հատվածի և երկրորդ բաղնիքին հարող հատվածների պեղումներ,
- 12 մլն դրամ՝ «Լոռի բերդ»-ի միջնաբերդի պարիսպների ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի մշակում,
- 6 մլն դրամ՝ «Լոռի բերդ»-ի միջնաբերդի եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի մշակման համար,
- 12 մլն դրամ՝ Լոռու մարզի Քաղաքատեղի Լոռի բերդի միջնաբերդի բաղնիքների ամրակայման և մասնակի վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի մշակման համար,
- 12 մլն դրամ՝ Լոռու մարզի Ամրակից գյուղի Ռուսական եկեղեցու ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի մշակում,
- 14 մլն 400 հազ․ դրամ՝ Տավուշի մարզի «Սրվեղ» վանական համալիրի ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի մշակում,
- 24 մլն դրամ՝ Տավուշի մարզի «Տավուշ» ամրոցի պարիսպների, կից կառույցների, եկեղեցու ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի մշակում:
Դրամաշնորհային պայմանագրի հիման վրա 20 մլն 138 հազար դրամ կհատկացվի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին` Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ ամրոցի տարածքի պեղումների իրականացման համար։
Եվս 9 մլն 900 հազար դրամ կհատկացվի «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ին` Արենի-1 քարանձավից գտած մ.թ.ա. 3600-3500 թթ. հնագիտական գտածո կաշվե ոտնամանի պահպանման համար հատուկ ցուցապահարանի պատրաստման և տեղադրման աշխատանքների ձեռքբերման համար:
Մեկնաբանել